Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե սահմանազատման գործընթացը իբր իրականացվում է ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1984-1989 թվականների քարտեզների հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը և մոլորության մեջ են գցում հասարակությանը։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը որպես օրինակ բերել է Հայաստանի ԱԳՆ ռեսուրսներում հրապարակված պաշտոնական փաստաթղթերը, որոնցում այդ քարտեզների մասին հիշատակումներ չկան։ «Քրոնիկ ստախոս Փաշինյանի դեպքում նման բանն անգամ զարմանալի չէ։ Նա հայտարարել էր, որ սահմանը որոշվում է Գլխավոր շտաբի 1984-1989 թվականների քարտեզներով, սակայն բավական է բացել ԱԳՆ կայքը, որպեսզի համոզվենք․ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերում այդ քարտեզների մասին որևէ հիշատակում չկա։ Բաքուն մերժեց այս մոտեցումը, ինչից հետո հայկական իշխանությունները հլու-հնազանդ համաձայնեցին ադրբեջանական պայմաններին»,- ընդգծել է Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հիշեցրել է Տիգրանաշենի կարգավիճակի պատմական և իրավական համատեքստը։ «Նույնիսկ խորհրդային շրջանում, ինչպես նաև ավելի վաղ՝ 1918 թվականին, Տիգրանաշենը եղել է Հայաստանի կազմում։ Կառավարության ներկայացրած ծրագիրն, ըստ էության, հայկական պետականության վերացման ծրագիր է, որը լուծումներ չի պարունակում, այլ միայն ստեղծում է լայնածավալ ռազմաքաղաքական և տնտեսական ռիսկեր»,- ընդգծել է Գեղամ Մանուկյանը։