Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար, ռուս-հնդկական առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հնդկական մասի նախագահ Սուբրամանյամ Ջայշանկարին։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ձեր այսօրվա այցը ընդգծում է այն հարաբերությունների մակարդակը, որը վաղուց՝ տասնամյակների ընթացքում, ձևավորվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև։ Մենք շարունակում ենք աշխատանքը գործնականում բոլոր ուղղություններով։ Խոսքը վերաբերում է թե՛ կառավարական մակարդակին, թե՛ միջխորհրդարանական կապերին, թե՛ տնտեսական գործունեության մասնակիցների գծին։

Ինձ հաճելի է նշել, որ այս տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է։ Եթե անցյալ տարի այն փոքր-ինչ նվազել էր, ապա այս տարի աճում է, և դա նաև, գուցե առաջին հերթին, վարչապետ [Ն. Մոդի]-ի վաստակն է, ով անձնական մեծ ուշադրություն է դարձնում ռուս-հնդկական հարաբերությունների զարգացմանը։

Հույս ունեմ մոտ ապագայում հանդիպել նրան, ինչպես մենք էլ ծրագրել էինք, Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքի շրջանակում։ Մեր ժամանակացույցն այնպիսին է, որ, հավանաբար, այս տարի կկարողանանք ևս մեկ անգամ հանդիպել։

Գիտեմ, որ Դուք արդեն պատշաճ կերպով աշխատել եք Ձեր ռուս գործընկեր Մանտուրովի հետ, անշուշտ քննարկել եք ամենակարևոր հարցերը։ Դրանք շատ են։ Այդ հարցերից մեկը ոչ միայն էներգակիրներն են, այլ, իհարկե, նաև պարարտանյութերի մատակարարումը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծենք հնդիկ ֆերմերների, գյուղատնտեսության համար, մեծացնում ենք այդ մատակարարումները և պատրաստ ենք շարունակել դա։ Իսկ մյուս բոլոր հարցերը, որոնք կապված են ատոմային էներգետիկայի, բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և այլ բնագավառների հետ, բոլորն էլ օրակարգում են և բավական վստահ առաջ են շարժվում», — նշել է Պուտինը։

«Այսօր առավոտյան մենք անցկացրել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Ես ունեմ շատ լավ զեկույց, որը կարող էի Ձեզ փոխանցել՝ մեր տնտեսական համագործակցության, ատոմային էներգետիկայի, պարարտանյութերի և այլնի վերաբերյալ։ Այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ։ Կցանկանայի նշել, որ մեր տնտեսական համագործակցությունը զգալիորեն աճել է։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհամբերությամբ սպասում է ՇՀԿ գագաթնաժողովում հանդիպմանը և նաև հույս ունի, որ Դուք հնարավորություն կունենաք գալ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և անցկացնել այդ ամենամյա գագաթնաժողովը։

Մենք իսկապես ունենք ուժեղ, ամուր երկկողմ համագործակցություն», — ընդգծել է Հնդկաստանի ԱԳ նախարարության ղեկավարը։