Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մայիսի 16-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին, ում հետ քննարկել է կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խնդիրները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը կարեւորել է երիտասարդ մասնագետների որակյալ կրթության եւ մրցունակության խնդիրը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  Երեւանի պետական համալսարանում կրթական, գիտական եւ մշակութային ուղղվածությամբ արաբագիտության կենտրոն ձեւավորելու  եւ Երեւանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը  տարբեր ոլորտներում համագործակցության  մեծ հեռանկարներ ունեն, եւ կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու պետությունների միջեւ կրթության բնագավառում համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման եւ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի տրամադրման խնդիրներին: