Հանրապետության լճերում տարածվել են խեցգետինները: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: «Մոլախոտի նման շատ արագ բազմանում են, լցվում են լճերում` Սեւանա լճում, Սեւ լճում, Արփի լճում եւ այլուր: Արագ տարածվելով` խանգարում են ձկներին, քանի որ կերի խնդիր է առաջանում»,- ասաց Ա. Զիրոյանը:

Նրա տեղեկացմամբ` թույլատրվում է խեցգետինների որսը, սակայն պայմանագրի առկայության պայմանով: Ընդհանուր առմամբ` այս տարի թույլատրվել է 800 տոննա խեցգետին որսալ, որը կարելի է նաեւ արտահանել: Նախկինում արտահանման համար լիցենզիա էր պահանջվում, սակայն ներկայում պայմանագիրն էլ բավական է: Այնուամենայնիվ, ըստ Ա. Զիրոյանի, այնքան էլ շատ չեն խեցգետնի որսով զբաղվելու ցանկություն ունեցողները: Որսի թույլտվության համար հարկավոր է վճարել բնօգտագործման վճար` կգ-ի համար 50 դրամ: Այդ կերպ պետական բյուջեն այս տարի ստացել է 40 մլն դրամ, անցյալ տարի` 50 մլն դրամ (որսի թույլտվություն տրվել էր 1000 տոննայի համար):

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության համաձայն` բնապահպանական պետական տեսչությունը վերջերս խեցգետնի որսի համար տուգանել է մի քանի քաղաքացիների, հիմնականում Շիրակի մարզում; Տուգանքը կազմում է 100 հազ. դրամ; Ըստ Ա. Զիրոյանի`տուգանվածները կամ պայմանագիր չեն ունեցել, կամ պայմանագրից ավելի են որսացել: