Նյու Յորքի La Guardia օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերին: Ինչպես նշում է Washington Post-ը, աշխատակիցները նրան չեն ճանաչել:
Ականատեսներից մեկը զանգահարել է պարբերականի խմբագրություն եւ պատմել միջադեպի մասին. «Նրանք մանրազննին խուզարկել են նրան եւ, թերեւս, պատկերացում չունեին, թե ով է կանգնած իրենց առջեւ»:
Ավելին, խուզարկությունը շարունակվել է, երբ հայտնի պետական գործիչը հայտնել է իր անունը: Ընթացակարգից հետո նրան նստեցրել են հաշմանդամի սայլակին եւ ուղեկցել ինքնաթիռ:
Ինքը` Քիսինջերը որեւէ դիտողություն չի ներկայացրել խուզարկության վերաբերյալ: Նրա ներկայացուցիչը ասել է, թե «օդանավակայանի աշխատակիցների վարքը նորմալ է եղել»:
Քիսինջերը զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը 1973-77 թվականներին:




























