Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդի Լևոն Քոչարյանի տներում Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման ներգրավմամբ իրականացված խուզարկությունները քաղաքական շոու են՝ հասարակության ուշադրությունը բանակում առկա խնդիրներից շեղելու և խորհրդարանում հնչած քննադատության համար վրեժ լուծելու նպատակով։ Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Երեք անչափահաս երեխաների ներկայությամբ տանը իրականացված դիմակավորված շոուն և 70-ամյա նախկին նախագահի նկատմամբ կատարված գործողությունները իրավական պետության լիակատար ապամոնտաժում են։ Իշխանությունների համար համընկել են երկու գործոն՝ արձագանքել Ազգային ժողովում հնչած սուր քննադատությանը և ուշադրության կենտրոնը շեղել բանակային միջավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքերից։ Վերջին ութ տարիների ընթացքում հենց գործող ղեկավարությունն է ձևավորել այն մթնոլորտը, որում մեծացել է ներկայիս զորակոչիկների սերունդը», - նշել է Մանուկյանը։
Պատգամավորը շեշտել է, որ ուժային գործողությունները, որոնք իրականացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով և եվրոպական կառույցների թողտվությամբ, ապացուցում են քաղաքական հետապնդման շինծու բնույթը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:
Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։











