Լևոն Քոչարյանի տնից ուժայինները տարել են հարսանեկան նվեր՝ հուշամեդալներ, որոնց վրա գրված է, որ դա հարսանեկան նվեր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները իրականացնում են ռեպրեսիվ գործողություններ, իսկ կիրառվող մեթոդները չունեն ո՛չ արդարացում, ո՛չ բացատրություն։

«Առավոտյան դուռը (ուժայիններին) բացել է Ռոբերտ Քոչարյան-կրտսերը (Լևոն Քոչարյանի որդին)։ Հետո երեխաներին երկար ժամանակ պետք է եղել հանգստացնել՝ ասելով, թե դրանք Սարդ-մարդիկ են։ Այստեղ ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի մասնակցության համար որևէ արդարացում չկա։ Նույնիսկ երեխաները գիտեն, որ այդ ջոկատը նախատեսված է ահաբեկիչների դեմ պայքարելու համար։ Քննչական մարմինն ասում է, թե ջոկատը «չի մասնակցել», սակայն արդեն իսկ ներկայությունն ինքնին կոչված է ազդեցություն գործելու հարևանների, երեխաների վրա»,- նշել է փաստաբանը՝ վստահություն հայտնելով, որ օբյեկտիվ դատարանը անթույլատրելի կճանաչի ապօրինի խուզարկության արդյունքները։ Փաստաբանը ծիծաղելի է անվանել Լևոն Քոչարյանին 20 տարի առաջ ենթադրաբար կատարված հանցագործության հետ կապելու փորձերը։

«Այնպիսի տպավորություն էր, կարծես շատ թանկարժեք մի բան էին փնտրում։ Նայում էին սպասքի վրայի գրություններին, ուրախացել էին ժամացույցներից՝ կարծելով, թե դրանք ոսկյա են։ Այդպես էլ ոչինչ չգտան։ Տարել են միայն հարսանիքի հուշամեդալները, այսինքն՝ մի բան, որը ըստ սահմանման չի կարող որևէ առնչություն ունենալ ենթադրյալ հանցագործության հետ»,- եզրափակել է փաստաբանը։