Պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը առավոտյան կատարված խուզարկությունները դարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին խորհրդարանում հնչեցրած հրապարակային սպառնալիքների ուղիղ հետևանքը։ Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Կաղրամանյանը։
Նրա խոսքով՝ ուժային կառույցների գործողությունները կրում են բացառապես պատվիրված բնույթ և ուղղված են քաղաքական ընդդիմախոսներին ահաբեկելուն։ «Երեկ Փաշինյանը ուղիղ հայտարարեց Լևոն Քոչարյանին, որ նա «անձեռնմխելիություն չի ստանա», իսկ արդեն առավոտից նրա տանը սկսվեցին քննչական գործողություններ։ Սա ուղիղ քաղաքական հաշվեհարդար է։ Գործող իշխանությունն իրավապահ համակարգն օգտագործում է միայն մեկ բանի համար՝ ճնշելու և լռեցնելու իր քննադատներին։ Այս գործընթացները որևէ առնչություն չունեն ո՛չ իրավաբանության, ո՛չ էլ իրավական պետության հետ», - ընդգծել է Կաղրամանյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները ներխուժել են «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։











