Հանրապետականները ինտերնետում լուսանկարներ են տեղադրել, որոնցում նախագահ Օբաման դարձել է մոտ եւ հեռու անցյալի պատմական տարբեր իրադարձությունների մասնակիցը: Այսպիսին է նրանց պատասխանը Սպիտակ տան կայքում նախորդ նախագահների կենսագրությունների մեջ արված լրացումներին` Օբամայի դիրքորոշումների մասին:

Լուսանկարներում Օբաման դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հետ, մասնակցում Ջոն եւ Ռոբերտ Քենեդիների հանդիպմանը, Բեռլինի պատի անկմանը, Երկրորդ համաշխարհայինում Ճապոնիայի կապիտուլյացիայի ստորագրմանը, օգնում է Ռայթ եղբայրների առաջին թռիչքին եւ այլն, հաղորդում է Politico-ն:

Սպիտակ տան կայքում նախագահների կենսագրությունները լրացվել են հղումներով: Օրինակ, այն հատվածում, երբ Ռեյգանը խոսում է մեծահարուստների հարկի մասին, հիշատակում է ավելացվել, որ այդ քաղաքականությանը կողմ է եւ Օբաման:

Լրացումներն արվել են ընդհուպ մինչեւ Քելվին Քուլիջի (1923-1929) ժամանակները: Քուլիջը առաջին անգամ ելույթ էր ուենցել ռադիոյով, իսկ Օբաման սկսել է օգտագործել Twitter, Facebook, Google+, LinkedIn եւ այլ ծառայություններ: