Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ իրականացվող լայնածավալ քննչական գործողությունները, խուզարկություններն ու ձերբակալությունները ուղիղ քաղաքական հետապնդում են, որը սանկցավորվել է խորհրդարանի ամբիոնից։ Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինները գործում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով, իսկ քրեական գործերը գզրոցներից հանել են՝ անհրաժեշտ տեղեկատվական ֆոն ստեղծելու համար։ «Այն, որ երկրի գլխավոր ամբիոնից փաստացի տրվել է քաղաքական պատվեր՝ նախագահ Քոչարյանի և նրա ընտանիքի հետապնդման համար, բացարձակ ակնհայտ է։ Փաշինյանը ստեղծում է վախի մթնոլորտ և միաժամանակ իր ընտրազանգվածի համար «շոու» է կազմակերպում։ Այս բոլոր ճնշումները ծավալվում են Հայաստանի պետականությանն առնչվող պատրաստվող ռազմավարական զիջումների ֆոնին, այդ թվում՝ Անկախության հռչակագրից հրաժարում, Բաքվի պահանջով Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև Տիգրանաշեն գյուղի հանձնում», - նշել է Գրիգորյանը։ Նա նաև հավելել է, որ ընդդիմության ներկայացուցիչները պատրաստ են ցանկացած հետապնդման և չեն պատրաստվում նահանջել իրենց օրակարգից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Խուզարկություններ են իրականացվել նաև նախկին նախագահի կրտսեր որդու՝ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը, ինչպես նաև ընտանիքին պատկանող ընկերություններում։











