ԱՄՆ դաշնային դատավորը մերժել է ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի մտերիմ Գիսլեյն Մաքսվելի միջնորդությունը, որով նա պահանջում էր չեղարկել մարդկանց թրաֆիքինգի և սեքսուալ շահագործման համար իր դատավճիռը, հայտնում է AFP-ն։
64-ամյա Մաքսվելը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ 2021 թվականին մեղավոր էր ճանաչվել Էպշտեյնի համար անչափահաս աղջիկների հավաքագրելու մեջ։ Նա միակ անձն է, որը դատապարտվել է Էպշտեյնի հանցավոր գործունեության առնչությամբ։ Ինքը՝ Էպշտեյնը, մահացել էր 2019 թվականին Նյու Յորքի բանտում՝ սպասելով իր դատավարությանը։
Դատավոր Փոլ Էնգելմայերը հայտարարել է, որ դատաքննության և դատավճռի կայացման ընթացքում իր սահմանադրական իրավունքների խախտման մասին Մաքսվելի պնդումներն անհիմն են, իսկ դրանց մեծ մասը՝ անհետևողական։
Մաքսվելն ավելի վաղ փորձել էր ԱՄՆ Գերագույն դատարանում բողոքարկել իր մեղադրական դատավճիռը, սակայն անցյալ տարվա հոկտեմբերին բարձրագույն դատական ատյանը հրաժարվել էր քննել նրա բողոքը։
Էպշտեյնի գործը տարիներ շարունակ մեծ ուշադրություն է գրավում ազդեցիկ գործարարների, քաղաքական գործիչների, հայտնի անձանց և գիտնականների հետ նրա կապերի պատճառով։ ԱՄՆ-ում նոր օրենքի ընդունումից հետո նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է հրապարակել Էպշտեյնի գործով հետաքննության նյութերի զգալի մասը, ինչը կրկին լայն հետաքրքրություն է առաջացրել հանրության մոտ։
Փետրվարին Մաքսվելը ծանուցագրով կանչվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողով՝ Էպշտեյնի հետ իր հարաբերությունների մասին ցուցմունք տալու համար, սակայն հրաժարվել էր պատասխանել հարցերին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ նա համաձայն կլինի խոսել միայն Թրամփի կողմից ներում ստանալու դեպքում։
Ինքը՝ Թրամփը, որը երկար տարիներ շփվել է Էպշտեյնի հետ, ավելի վաղ դեմ էր արտահայտվում «Էպշտեյնի ֆայլերի» հրապարակմանը, ինչը գործի հանգամանքները թաքցնելու մեղադրանքների տեղիք էր տվել։ Թրամփը հերքում է Էպշտեյնի հանցագործություններին իր առնչությունը։




























