Սլովակիայի ոստիկանությունը կանխել է երկրի արևելքում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը հրդեհելու նախապատրաստությունը և ձերբակալել հարձակման կազմակերպման մեջ կասկածվող երեք օտարերկրացիներին, հայտնում է Reuters-ը։
Կասկածյալներից երկուսը ձերբակալվել են Սլովակիայում, ևս մեկը՝ Գերմանիայում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, գույքային վնաս չի պատճառվել:
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալներից առգրավվել է զգալի քանակությամբ այրվող խառնուրդ, գործիքներ, բջջային հեռախոսներ, տեսախցիկ և ենթադրյալ հարձակման ձեռագիր պլանը: Հրդեհի նախապատրաստման աշխատանքների ժամանակ ձեռնարկությունում մոտ 70 մարդ է եղել:
Քննիչները ձերբակալվածներին մեղադրանք են առաջադրել հասարակական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու հոդվածով։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը չի բացահայտել ձեռնարկության անվանումն ու դրա հստակ գտնվելու վայրը, ինչպես նաև չի հայտնել, թե ով կարող էր կանգնած լինել հարձակման կազմակերպման ետևում:
Սլովակիան ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ է, իսկ արևելքում սահմանակցում է Ուկրաինային։




























