Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) առնվազն 25 հազար դոլար պարգևավճար է սահմանել այն տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել ԱՄՆ-ի հնդկացիական ռեզերվացիաներում տեղի ունեցած սպանությունների և անհետ կորածների վերաբերյալ գործերը, հայտնում է Associated Press-ը:
Այս միջոցառումը բնիկ ամերիկացիների համայնքներում բռնության բարձր մակարդակի դեմ պայքարելու իշխանությունների ավելի լայն ծրագրի մաս է կազմում:
Նոր նվազագույն գումարը տարածվում է սպանությունների և անհետացումների ավելի քան 50 չբացահայտված գործերի վրա: Associated Press-ի վերլուծության համաձայն՝ դրանց մեծ մասը տեղի է ունեցել 10 տարուց պակաս վաղեմությամբ, սակայն շուրջ 12 հետաքննություն շարունակվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ:
Միևնույն ժամանակ, զոհվածների հարազատներն ու փորձագետները կասկածում են, որ վարձատրության չափի ավելացումը ականատեսներին կստիպի խոսել: Նրանց խոսքով՝ բնակիչները զգուշանում են հնարավոր հետևանքներից և չեն վստահում դաշնային իշխանություններին:
ՀԴԲ-ն ֆեդերալ հանցագործությունները հետաքննում է բնիկ ամերիկացիների գրեթե 200 ռեզերվացիաներում՝ Հնդկացիների գործերով բյուրոյի հետ համատեղ: ՀԴԲ-ի Հանցագործությունների մասին տեղեկատվական ազգային կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականի վերջի դրությամբ ԱՄՆ-ում հաշվառված է եղել անհետ կորած բնիկ ամերիկացիների վերաբերյալ 1500-ից քիչ ավելի ակտիվ գործ, թեև դրանք բոլորը չէ, որ պատկանում են դաշնային իրավասությանը:
Այն գործերի թվում, որոնց վրա ՀԴԲ-ն ուշադրություն է հրավիրել, 8-ամյա Մալիիկա Բունի անհետացումն է, որը, ենթադրաբար, զոհվել է Նավախո ռեզերվացիայում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով, ինչպես նաև Սան Կարլոս ապաչների ցեղից դեռահաս Էմիլի Փայքի գործը. նրա մարմինը հայտնաբերել էին Արիզոնայի խնամքի կենտրոններից մեկից անհետանալուց հետո:
Որոշ դեպքերում պարգևավճարի բարձրացումն արդեն հանգեցրել է նոր արձագանքների: Օրինակ՝ Հարավային Դակոտայի Փայն Ռիջ ռեզերվացիայի տարածքում 73-ամյա ֆերմեր Փաթրիք Կարլոու-ավագի մահվան մասին տեղեկության համար այժմ 25 հազար դոլար է առաջարկվում (նախկին 10 հազարի փոխարեն): Նրա հարազատներն ասում են, որ գումարի ավելացումից հետո սկսել են նոր զանգեր ստանալ, սակայն հետաքննությունը դեռևս պատասխան չի տվել այն հարցին, թե ով է նրան սպանել:
Փաստաբան Մերի Քեթրին Նեյգլը, որը պաշտպանում է անհետ կորած բնիկ ամերիկացիների ընտանիքների շահերը, կարծում է, որ ավելի խոշոր պարգևատրումները կարող են խթան դառնալ ականատեսների համար և միաժամանակ ընտանիքներին ցույց տալ, որ իրենց գործերին լուրջ են մոտենում: Այդուհանդերձ, այլ փորձագետներ նշում են, որ փողը պարտադիր չէ, որ կարողանա հաղթահարել վախն ու անվստահությունը:
«Ռեզերվացիաներում մարդիկ ակամայից կհայտնեն իրենց ընկերների կամ հարազատների մասին քրեական արդարադատության համակարգին», — կարծում է Վաշինգտոնի համալսարանից Լուանա Ռոսը:
Կասկածներ են հայտնում նաև զոհվածների հարազատները: Ֆեյ Վուրստներ-Ռիգանը, ում ամուսին Մեթյու Ռիգանը և նրա եղբայր Ֆիլիպը սպանվել են Նավախո ռեզերվացիայի տարածքում, հայտարարել է, որ 25 հազար դոլարը հազիվ թե որևէ մեկին ստիպի խոսել: Նրա կարծիքով՝ վկաներին ավելի շատ իրական պաշտպանության երաշխիքներ են պետք:
ՀԴԲ-ն ռեզերվացիաներում հետաքննությունների բարդությունը բացատրում է դրանց հեռավորությամբ, ռեսուրսների պակասով և իրավապահ մարմինների մեծ ծանրաբեռնվածությամբ: Զոհվածների հարազատները մտավախություն ունեն, որ իրենց գործերը ժամանակի ընթացքում մոռացության կտրվեն:





























