ԱՄՆ Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքի բնակելի տներից մեկում տեղի ունեցած հրաձգության և հրդեհի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է CBS News-ը։

Իշխանությունների տվյալներով՝ հարձակման մեջ կասկածվողը ավելի ուշ մահացել է հրազենային վիրավորումից։ Ըստ երևույթին, դա ինքնասպանություն է եղել։

Յելոուսթոն շրջանի շերիֆը հայտնել է, որ հրաձգությունը սկսվել է ընտանեկան վեճի պատճառով։ Քննիչները դեռևս չեն պարզել հարձակման հնարավոր շարժառիթը, սակայն պարզել են, որ կասկածյալը ճանաչել է զոհերին։

«Նախնական քննությունը ցույց է տալիս, որ այս պատահարը սկսվել է որպես ընտանեկան կոնֆլիկտ և չի հանդիսացել բռնության պատահական ակտ, որի ժամանակ հարձակվողն ու զոհերը ծանոթ չեն եղել», — հայտարարել են շերիֆի գրասենյակից։ Այնտեղ ընդգծել են, որ շրջապատի համար սպառնալիքը վերացված է։

Կասկածյալի և զոհվածների անուններն արդեն հայտնի են, սակայն ոստիկանությունն ու շերիֆի գրասենյակը դեռևս չեն հայտնում զոհերի թիվը, նրանց տարիքն ու այլ մանրամասներ։ Յելոուսթոն շրջանի շերիֆի ժամանակավոր ժամանակավոր պաշտոնակատար Քենթ Օ'Դոնելլի խոսքով՝ զոհվածների թվում եղել են ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաներ։

Տանը տեղի ունեցած հրաձգության մասին ահազանգը ոստիկանություն է ստացվել կիրակի օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես 18:00-ին։ Մոտ 15 րոպե անց ժամանած սպան կրակոցներ է լսել շենքի ետնամասից։ Շուտով տունը պատվել է ծխով, ապա հրդեհ է բռնկվել։ Տեղական ԶԼՄ-ները հրապարակել են կադրեր, որտեղ երևում է թաղամասի վրա բարձրացած ծխի հսկայական սյունը։

Շերիֆի տվյալներով՝ կրակողի անմիջական թիրախ դարձած բոլոր մարդիկ զոհվել են։ Ինքը՝ կասկածյալը, ստացած վիրավորումներից մահացել է տեղական հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Քննությունը շարունակվում է։ Քննիչները նախատեսում են, որ դեպքի վայրում ապացույցների հավաքումը կտևի մի քանի օր։ Իշխանությունները խնդրել են բնակիչներին չմոտենալ տանը։

«Մենք հասկանում ենք, որ այս քննության հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում: Այնուամենայնիվ, դրա ամբողջականությունը պաշտպանելու համար կան մանրամասներ, որոնք մենք առայժմ չենք կարող բացահայտել», — հայտարարել է Բիլինգսի ոստիկանության սերժանտ Ջեֆ Սթովալը: