Հայիթիում զինված խմբավորման հարձակման հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել, ևս ավելի քան 50-ը՝ առևանգվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները։
Հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը Կենսկոֆում, որը նախկինում համեմատաբար հանգիստ շրջան է եղել երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից վեր բարձրացող լեռներում։
ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհվածների թվում առնվազն հինգ երեխա կա։ Զինյալները նաև հրդեհել են շուրջ 25 տուն։ Կենսկոֆի քաղաքապետ Ժան Մասիյոնը հայտնել է, որ զոհերի թվում են պետական կառույցների երկու աշխատակիցներ, այդ թվում՝ պահպանության ծառայությունում աշխատող իր զարմիկը։
Այս հարձակումը դարձել է վերջին տարիներին Հայիթիում իրականացված մարդկանց ամենազանգվածային առևանգումը։ Խմբավորման պարագլուխներից մեկը սպառնացել է սպանել պատանդներին, եթե անվտանգության ուժերը ոչնչացնեն տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու գործողություն սկսած զինյալներին։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում տղամարդը, ով ներկայացել է որպես «Իզո 2», նախազգուշացրել է Հայիթիի ազգային ոստիկանության տնօրեն Վլադիմիր Պարաիզոնին անօդաչու թռչող սարքեր չօգտագործել զինված խմբավորումների դեմ։ Կազմակերպված հանցավորության հարցերով փորձագետ Ռոմեն Լը Կուրի խոսքով՝ «Իզո 2»-ը, ով հայտնի է նաև որպես Դիդի, Կենսկոֆում խմբավորումը ղեկավարում է Հայիթիի ամենաազդեցիկ պարագլուխներից մեկի՝ Իզոյի (Ջոնսոն Անդրե) անունից։
Փորձագետն այս իրավիճակն անվանել է կառավարության, ոստիկանության և ավազակախմբերի դեմ պայքարի միջազգային առաքելության առջև դրված լուրջ փորձություն։ Նրա խոսքով՝ պատանդների հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքը իշխանություններին կանգնեցնում է բարդ ընտրության առջև. անգործությունը կնշանակի մարդկանց պաշտպանելու անկարողություն, իսկ պատանդների շրջանում հնարավոր զոհերով ուժային գործողությունը թույլ կտա ավազակախմբերին դրանում մեղադրել պետությանը։
Հարձակումը նպատակ ունի ստիպել ոստիկանությանն ու միջազգային ուժերին վերաբաշխել առանց այն էլ սահմանափակ ռեսուրսները։ Բացի այդ, ըստ Լը Կուրի, ավազակախմբերն այս կերպ կառավարությանն ու ոստիկանությանը ցույց են տալիս, որ ընդունակ են հարձակվել իրենց ընտրած ցանկացած շրջանի վրա և անտեսել անվտանգության իրավիճակի բարելավման մասին իշխանությունների հայտարարությունները։
Կենսկոֆը հարձակումների էր ենթարկվում դեռևս 2025 թվականի սկզբից, սակայն կիրակնօրյա ահաբեկչությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը։ Զինված խմբավորումները վերահսկում են Պորտ-օ-Պրենսի մոտ 70%-ը և Հայիթիի կենտրոնական հատվածում ու դրանից դուրս գտնվող ընդարձակ տարածքները։
Անդադար բռնությունների պայմաններում երկիրը պատրաստվում է դեկտեմբերի 13-ին նշանակված համապետական ընտրություններին, որոնք առաջինն են վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում։ Միայն հունվար-հունիս ամիսներին Հայիթիում սպանվել է ավելի քան 3100 մարդ, իսկ 1189-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Անհանգիստ իրավիճակի պատճառով շուրջ 1,5 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել սեփական տունը։




























