Կառավարության օրակարգում ԵՄ ինտեգրումն է, և վարչապետը դրա մասին շատ հստակ հայտարարեց նաև Կառավարության ծրագրում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Մենք մեր պլաններից հետ չենք կանգնելու։ Գիտեք, որ CEPA-ի կիրարկումն էլ իր հունով ընթանում է, շատ շուտով այն կավարտվի, և մենք կարող ենք խոսել արդեն նոր իրավապայմանագրային հիմքերի մասին, ունենք գործընկերության նոր համակարգ, որը նաև էներգետիկ ոլորտին է վերաբերում։ Վարչապետը խոսեց նաև էներգետիկ անկախության մասին։ ՔՊ–ն իր էվեն ու մանդատը ստացել է նաև ԱԺ–ում այդ օրակարգը սպասարկելու համար»,-ասաց Ղազարյանը։
Նա հավելեց, որ ՔՊ–ն մեծամասնություն է կազմում ԱԺ բոլոր հանձնաժողովներում, և չի պատկերացնում մի սցենար, որի պարագայում իրենց օրակարգը չի սպասարկվի։
«Ես որպես եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ կամ եթե ընտրվեմ, որպես փոխնախագահ, ուշադիր հետևելու եմ, որպեսզի «Ուժեղ Հայաստանը» որևէ ձևով չկարողանա խոչընդոտել մեր օրակարգերին, հատկապես, որ ես ունեմ հիմնավորված կասկած, որ «Ուժեղ Հայաստանը» եկել է վերահսկելու այն գործընթացը, որը մենք իրականացնելու ենք, ոչ թե դրան զարկ տալու համար, այլ որպեսզի ՀՀ–ից դուրս իր գործընկերներին տեղեկացնի, թե որ փուլում ենք և փորձի տորպեդահարել։ Դա վստահաբար, իրենց չի հաջողվելու։ Նման հետևության հիմք է հանդիսանում այն, որ իրենց թեկնածուները խոսքի մակարդակով չեն կարողացել արտաբերել հետևյալ ձևակերպումները, օրինակ, որ դիվերսիֆիկացման օրակարգի համար կարևոր է ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ–ի հետ, որ չեն կարողացել նկարագրել, թե հիբրիդային վտանգները որ երկրից են գալիս։ Սա ինձ թույլ է տալիս կասկածելու, որ իրենք անկեղծ չեն այս հանձնաժողովը ընտրելու հարցում և ընտրել են, վերահսկելու, որպեսզի իր թույլատրված շեմը ՔՊ–ն չհաղթահարի»,–ասաց Սոնա Ղազարյանը։
Հարցին՝ արդյոք իշխանության նպատակներն ազնիվ են, երբ մի կողմից խոսում է ԵՄ ինտեգրման մասին, մյուս կողմից, ըստ ընդդիմադիրների, քաղաքական հետապնդումներ է իրականացնում, վարչապետի բառապաշարը ընդդիմախոսների հանդեպ շատ կոշտ է, սա չի մտահոգո՞ւմ եվրոպացիներին և արդյո՞ք Եվրոպան այդպես հանդուրժող է ամեն հարցում Հայաստանի իշխանության հանդեպ, Սոնա Ղազրյանը պատասխանեց. «Ես ուզում եմ և առաջարկում եմ ձեզ դիտել խորհրդարանական քննարկումներ տարբեր ԵՄ անդամ պետություններում և նկատել, որքան սուր կարող են դրանք լինել։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք քաղաքակիրթ, բայց սուր քննադատության, սուր բանավեճի մթնոլորտում։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է խուսափենք ի ցույց դնելու այն, որ մենք ընդդիմության հետ ունենք լրջագույն հակասություններ, և այդ հակասությունները ակնհայտորեն նաև բառամթերքի ընտրությամբ կարող են արտացոլվել»։











