Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 16-ին, ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն: NEWS.am-ին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը եւ գոհունակություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Արձանագրվել է, որ հաջողությամբ է ընթանում Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ Գորիսում իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը, որը կավարտվի ամռանը, եւ 20 շահառու ընտանիք տանիք կունենա: Երկուստեք կարեւորվել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների եւ անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է, նրանց համար կայուն եկամտի հնարավորությունների ստեղծումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցության ուղղություններին: Դեսպանը նշել է, որ Շվեյցարիան մտադիր է մասնավորապես շարունակել ֆերմերային տնտեսությունների աջակցության ծրագրերը:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նման պատրաստակամության համար` նշելով, որ գյուղական տարածքների զարգացման խնդիրը կառավարության առաջնահերթությունների շարքում է:




























