2018 թվականից ի վեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը սպասում է նոր քրեական հետապնդումների։ Ըստ նրանց՝ իշխանությունների դեմ քաղաքական պայքարը չպետք է դադարի, քանի որ հանձնվելը նշանակում է «մահ»: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միքոյանը:

«2018 թվականից ի վեր մեր հռետորաբանությունը ոչ մի անգամ չի թուլացել: Ամեն օր էլ սպասելի էր նման ընթացքը, ինչի վառ ապացույցն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն չորրորդ անգամ է զրկվում ազատությունից», — նշել է Միքոյանը:

Նա հավելել է, որ Քոչարյանի քրեական գործի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում իրավական կողմ չի տեսնում։ Գրասենյակի ղեկավարը տեղի ունեցածը կապել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների հետ:

«Մենք բոլորս կենտրոնացանք այդ օրվա ելույթի վրա, բայց այս գործընթացը տևական ժամանակ զարգանում էր և այդ օրը հասավ իր գագաթնակետին՝ վերածվելով ուղիղ ցուցումների», — ընդգծել է Միքոյանը:

«Եթե 2018-ին հեռախոսով էին շշնջում, ապա հիմա նա ցուցում է տալիս ուղիղ Ազգային ժողովի ամբիոնից», — ավելացրել է նա:

Միքոյանի խոսքով՝ տեղի ունեցողին դիմակայելու միակ ճանապարհը պայքարը շարունակելն է:

«Հասկանում եմ, որ ընտրություններից հետո շատերն անտարբերություն ու հոգնածություն են զգում, հասարակության զարգացումն էլ պարույրաձև է ընթանում։ Սակայն պայքարի դադարեցումը մահ է։ Եթե որևէ մեկը ցանկանում է արձանագրել ազգի կամ պետության մահը, կարող է չպայքարել։ Այլ տարբերակ կամ լուծում պարզապես չկա», — հայտարարել է նա։

Միքոյանը մեկնաբանել է նաև գույքը բռնագանձելու և ժողովրդին վերադարձնելու վերաբերյալ հանրությունից ստացած մանդատի մասին Փաշինյանի հայտարարությունը։

«Փաշինյանն ու արդարության զգացումը լրիվ տարբեր հասկացություններ են։ Ինչ վերաբերում է այս «ռոբինհուդությանը», ապա մենք դա արդեն տեսել ենք, երբ խոսում էին ինչ-որ դղյակների մասին», — նշել է նա։

Միքոյանի կարծիքով՝ բռնագանձված գույքը քաղաքացիներին վերադարձնելու իշխանությունների խոստումները չեն կատարվելու։

«Նման բան չի լինելու, սիրելի՛ ժողովուրդ։ Ոչ ոք ձեզ ոչ մի դղյակ չի վերադարձնելու, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները պարզապես հարստանալու են։ Տեղի է ունենալու հիմնականում ազնիվ աշխատանքով ձեռք բերված գույքի կողոպուտ՝ ինչ-որ բոլշևիկյան մոդելով։ Սա նույնիսկ բոլշևիզմ չէ, չգիտեմ էլ՝ ինչ է», — հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ ադրբեջանական Լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար «խանդավառություն» է նկատում Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերի ու կալանքների առնչությամբ։

«Այդ խանդավառությունը միշտ էլ ընթանում է։ Չէի ցանկանա շեշտել, թե դա միայն Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված, սակայն իր գագաթնակետին է հասնում հենց նրա դեմ հարուցված քրեական գործերի և կալանքների ժամանակ», — ասել է Միքոյանը։

Նրա խոսքով՝ հայ հասարակությունը գտնվում է նոր ցնցումների մշտական սպասման մեջ։

«Մտածող մարդկանց մեծ մասը հասկանում է, որ ամենօրյա ռեժիմով ողբերգության սպասում կա։ Ամեն առավոտ բոլորն արթնանում են, ստուգում հեռախոսները և լրատվամիջոցներից կարդում, թե ինչ աղետներ են տեղի ունեցել կամ տեղի ունենալու այսօր։ Այսինքն՝ մենք անընդհատ պետք է շատ վատ զարգացումների սպասենք», — նշել է նա։