ԱՄՆ-ի արտասահմանյան հարցերով ենթահանձնաժողովն առաջարկել է 2013 թվականին ավելացնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար օգնությունը 2 միլիոն դոլարից հասցնելով մինչեւ 5 միլիոն դոլարի, ինչպես նաեւ մերժել է նախագահ Օբամայի աշխատակազմի առաջարկը Հայաստանին տրամադրվող գումարը 7,5 միլիոն դոլարով կրճատելու մասին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ):
Ըստ ԱՀԴՀ-ի` կոնգրեսական Ադամ Շիֆֆի ջանքերի շնորհիվ Ղարաբաղին հատկացվող մարդասիրական օգնությունն ավելացել է 150%-ով, անփոփոխ է մնացել Հայաստանի օգնության չափը, Ջավախքի օգնության հեռանկարը, ինչպես նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ ռազմական օգնության հավասարության պահպանումը:
«Քալիֆորնիայի եւ ամբողջ Ամերիկայի ամերիկահայերը շնորհակալ են կոնգրեսակն Ադամ Շիֆֆին նրա սկզբունքային դիրքորոշման համար», - հայտարարել է ԱՀԴՀ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: – «Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության չափը հատկապես կարեւոր է միջազգային բաշխումների ընդհանուր ծախսերի նվազեցման ենթատեքստում»:
Մասնավորապես առաջարկությունները ենթադրում են հետեւյալը.
- Լեռնային Ղարաբաղի համար. հավանություն տալ մարդասիրական օգնության չափերը 2 միլիոն դոլարից մինչեւ 5 միլիոն դոլար հասցնռլուն` ծրագրում բացի մարդասիրական նախագծերից ներառելով նաեւ զարգացման նախագծեր:
- Հայաստանի համար. երաշխավորել Հայաստանին մինչեւ 40 միլիոն դոլարի օգնություն` ընդ որում մերժելով Օբամայի աշխատակազմի առաջարկությունը` 7,5 միլիոն դոլարով Հայաստանի օգնությունը կրճատելու վերաբերյալ:
- Ջավախքի համար. երաշխավորել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին Հազարամյակների մարտահրավերներ կազմակերպության հետ համատեղ Վրաստանի Սամցղե-Ջավախեթիա շրջանի հետագա զարգացման ռազմավարություն:
- Ռազմական օգնության հավասարության համար. այն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
- Մերձավոր Արեւելքում ազգային փոքրամասնությունների համայնքների համար. կոչ անել պետքարտուղարին շարունակել համագործակցությունը հումանիտար ծրագրերի եւ վտանգի գոտում գտնվող համայնքների տեղափոխման տեսքով:




























