Իսպանիայում ձերբակալել են ալբանացի հանցագործի, որը փախել էր Իտալիայի և Բելգիայի չորս բանտերից։ «Փախուստների վարպետ» մականունով փախստականը թաքնվում էր երկրի հյուսիս-արևելքում գտնվող Տառագոնա քաղաքում։ Իտալական իշխանությունները նրան որոնում էին ձերբակալության եվրոպական օրդերով, գրում է The Guardian-ը։
Իսպանական ոստիկանությունը ձերբակալվածին նշում է TT սկզբնատառերով։ Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Ալբանիայի քաղաքացի Թոմա Տաուլանտի մասին է, որին տեղական մամուլը մականվանել է mago della fuga՝ «փախուստների կախարդ»։
2025 թվականի դեկտեմբերին տղամարդը փախել է Իտալիայի խիստ ռեժիմի բանտից, որտեղ կրում էր պատիժ, որը պետք է ավարտվեր միայն 2048 թվականին։ Նա սղոցել էր ճաղերը, դուրս եկել պատուհանից և ներքև իջել կապած սավաններով։ Մինչ այդ նա արդեն հասցրել էր մի քանի փախուստ իրականացնել։
2009 թվականին նա փախել էր Տեռնիի բանտից, իսկ 2013-ին՝ Պարմայի բանտից։ Նույն տարում նա փախուստ էր կազմակերպել նաև բելգիական բանտից՝ օգտագործելով անսովոր եղանակ. կալանավորները կառուցել էին «մարդկային բուրգ», որի միջոցով նա անցել էր բանտի պատի վրայով։
«Սա հնչում է ինչպես ֆիլմի սյուժե, բայց երբեմն իրականությունն ավելի տարօրինակ է լինում, քան հորինվածքը», — հայտարարել են իսպանացի ոստիկանները՝ ձերբակալվածին անվանելով «փախուստների վարպետ»։
Տառագոնայում ձերբակալության ժամանակ հանցագործը ցուցաբերել է «ուժեղ և ակտիվ դիմադրություն»։ Նրան փորձել են օգնել մի քանի հայրենակիցներ։ Նրանցից մեկը հարվածել և վիրավորել է երկու ոստիկանի, որից հետո թաքնվել է։ Իրավապահները շարունակում են նրա որոնումները։ Միևնույն ժամանակ նրանք հայտնաբերել են հանցակցի կողմից նետված Sig Sauer ատրճանակը։
Ձերբակալվածի մոտ նաև հայտնաբերել են կեղծ փաստաթղթեր, որոնց շնորհիվ հաջողվել է պարզել նրա քրեական անցյալը Ժիրոնայում. նախկինում նա պատասխանատվության էր ենթարկվել զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահման համար։ Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել են €500 անվանական արժեքով երկու թղթադրամ, որոնք, ենթադրաբար, կարող էին կեղծ լինել։ Դրանք ուղարկվել են Իսպանիայի բանկ՝ փորձաքննության։
Դատարանը մերժել է տղամարդուն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այժմ նա կալանքի տակ է Տառագոնայի բանտում և սպասում է Իտալիա արտահանձնմանը։





























