Ֆրանսիայի նոր վարչապետ Ժան Մարկ Էյրոն այսօր` մայիսի 17-ին, նոր կառավարության առաջին նիստում նախարարներին կառաջարկի կրճատել նրանց աշխատավարձը:
Նա նախատեսում է կրճատել մինչեւ մեկ երրորդը: Էյրոն նաեւ նախօրեին խոստացել էր բոլոր նրաց հրաժարականը, որոնք հունիսին կառաջադրեն իրենց թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում եւ կպարտվեն:
Եւս մեկ նորամուծություն` նախարարները պետք է ստորագրեն մասնագիտական էթիկայի կանոնակարգ: Յուրաքանչյուրը կպարտավորվի շահերի բախման մեջ չմտնել եւ այլ գործունեությամբ չզբաղվել, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Նախօրեի ուշ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր կառավարության նոր կազմը: Կառավարությունը, որը գլխավորում է Ժան Մարկ Էյրոն, կազմում են ձախ քաղաքական գործիչները:
Արտգործնախարար է նշանակվել նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը:
Ֆինանսների նախարար է նշանակվել Պյեր Մոսկովիչին, որը 2004 թվականի հուլիսի 20-ից եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նա նաեւ նախորդ ընտրություններում ղեկավարում էր Ֆ. Օլանդի նախընտրական քարոզարշավը:
Մանուել Վալսը դարձել է ներքին գործերի նախարար: Պաշտպանության նախարար է դարձել Օլանդի բազմամյա ընկեր Ժան Իվ Լե Դրիանը, հայտնում է rbc-ն:




























