Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն անվանել է «մաքուր պարոդիա»՝ քննադատելով երկրի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը։
«Վաշինգտոնը դիմում է Բահրեյնին՝ մի երկրի, որը գործնականում էական տնտեսական կապեր չունի Իրանի հետ, որպեսզի ապացուցի, թե իր «կոալիցիան» գործում է», — հինգշաբթի X սոցիալական ցանցում իր էջում գրել է Բաղային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև սահմանափակում է Իրանի հետ մարզական և ակադեմիական փոխանակումները, որոնք «փաստացի արդեն երկար տարիներ մեռած էին»։
«Նրանք պատժամիջոցներ են սահմանում նրանց դեմ, ովքեր արդեն պատժամիջոցների տակ են, և դատարկությունն անվանում են կոալիցիա», — ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր Իրանի դեմ պատժամիջոցների նոր ալիքի մասին՝ Վաշինգտոնի կողմից «Տնտեսական վտարանդի» գործողություն անվանվող արշավի շրջանակում։
Նրա խոսքով՝ միջոցառումներն ուղղված են ամբողջ աշխարհում Իրանի ֆինանսական ցանցերի դեմ։ Այն երկրներին և կազմակերպություններին, որոնք պահպանում են առևտրային կապերը Թեհրանի հետ, սպառնացել են երկրորդային պատժամիջոցներով։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը հայտնաբերել է Իրանի հետ բիզնես վարող կազմակերպություններ և մտադիր է նրանց ժամկետներ տրամադրել Թեհրանի հետ կապերը խզելու համար։ Հակառակ դեպքում նրանց համար կարող է փակվել մուտքը ամերիկյան դոլարային համակարգ։




























