ԱՄՆ-ն և Իրանը ներկայումս չեն վարում բանակցություններ պատերազմի դադարեցման շուրջ, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացել է Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման վրա, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Նախագահ Թրամփի գլխավոր նպատակը եղել է և միշտ կլինի այն, որ Իրանը երբեք չստանա միջուկային զենք։ Վերջ։ Հենց այդ պատճառով մենք իրականացրինք «Էպիկական կատաղություն» գործողությունը՝ նրանց ռազմական ներուժը ոչնչացնելու համար։ Այժմ ունենք «Տնտեսական վտարանդի» գործողությունը, որն ուղղված է նրանց տնտեսության քայքայմանը», — Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Լևիթը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցություններ այժմ չեն ընթանում և կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե Թեհրանը, ամերիկյան վարչակազմի գնահատմամբ, պատրաստ լինի բովանդակային երկխոսության։ «Մենք դա դեռ չենք տեսել», — ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Միաժամանակ, Լևիթի խոսքով, ԱՄՆ նախագահը պահպանում է իր համար գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի ռազմածովային շրջափակումը շարունակում է գործել։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կոչ էր արել մյուս երկրներին խզել ֆինանսական կապերը Իրանի հետ՝ սպառնալով երկրորդային պատժամիջոցներով։ Վաշինգտոնն այս արշավն անվանել էր «տնտեսական Դ-օր», սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեռ չի սկսել հայտարարել սահմանափակումների կիրառումը։
Այս ֆոնին Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հինգշաբթի այցելել է Թեհրան՝ փորձելով վերակենդանացնել դիվանագիտական ջանքերը։ Այցը կայացել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև կտրուկ հայտարարությունների փոխանակումից հետո՝ կապված Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ԱՄՆ խոստումների հետ։ Իրանցի պաշտոնյաներից մեկը Վաշինգտոնի գործողությունները անվանել է «ամբողջական տնտեսական պատերազմ»։




























