Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդը 2028 թվականի հունիսին կկանգնի ամերիկյան ռազմական դատարանի առջև։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Կուբայի Գուանտանամո բազայում ԱՄՆ ռազմական հանձնաժողովի ներկայացուցիչը, որտեղ պահվում է մեղադրյալը, հաղորդում է AFP-ն։

Գործով լսումները կսկսվեն 2028 թվականի հունիսի 5-ին։

Խալիդ Շեյխ Մուհամմադը, ով հայտնի է ՔեյԷսԷմ մականունով, համարվում էր «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ամենամոտ զինակիցներից մեկը: Նրան ձերբակալել են Պակիստանում 2003 թվականի մարտին: Մինչև 2006 թվականին Գուանտանամո տեղափոխվելը, նա շուրջ երեք տարի պահվել է ԿՀՎ-ի (CIA) գաղտնի բանտերում:

Մուհամմադի դատավարությունը բազմիցս հետաձգվել է: Անցյալ տարի չեղարկվեց քննության հետ ձեռք բերված համաձայնությունը, որը նախատեսում էր մեղադրանքի կողմից մահապատժի պահանջից հրաժարում:

Կրթությամբ ինժեներ Մուհամմադը պնդում էր, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ծրագրել է «սկզբից մինչև վերջ»: Չորս ուղևորատար ինքնաթիռների առևանգման և Նյու Յորքում ու Վաշինգտոնում գտնվող շենքերի վրա դրանց հետագա հարձակումների հետևանքով գրեթե 3 հազար մարդ է զոհվել: Ինքնաթիռներից մեկն ընկել է Փենսիլվանիայի դաշտում:

Մուհամմադին կապում են նաև ԱՄՆ-ի դեմ ուղղված մի շարք այլ ահաբեկչական ծրագրերի հետ: Նա հայտարարել է 1993 թվականին Համաշխարհային առևտրի կենտրոնում իրականացված պայթյունի կազմակերպման մասին, որի հետևանքով զոհվել էր վեց մարդ, ինչպես նաև պնդել է, որ 2002 թվականին անձամբ է սպանել ամերիկացի լրագրող Դանիել Փերլին:

ԱՄՆ-ն Գուանտանամոյի ռազմաբազան օգտագործում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին հաջորդած «ահաբեկչության դեմ պայքարի» արշավի շրջանակում կալանավորված ահաբեկչության մեջ կասկածվողներին պահելու համար: Գագաթնակետային շրջանում բանտում եղել է շուրջ 800 կալանավոր, սակայն նրանց մեծ մասը հետագայում տեղափոխվել է այլ երկրներ: Այժմ այնտեղ մնում է նախնական թվաքանակի միայն փոքր մասը: