Անկարայի եւ Բրյուսելի հարաբերությունների հարցով բանակցություններ անցկացնելու նպատակով Թուրքիա է ժամանել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլն:

Ավելի վաղ Ֆյուլեն հայտարարել էր, որ Անկարայում ինքը շեշտը կդնի կողմերի միջեւ հարաբերություններում հաջողություն արձանագրելու վրա, ներառյալ փոխադարձ առեւտրի ընդլայնումը, հաղորդում է BBC-ն:

Գործակալությունը նշում է, որ Թուրքիան 1999 թվականից շարունակում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր: Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացը շուրջ երկու տարի դադարել էր, քանի որ ԵՄ որոշ երկրներ առարկություններ ունեն այդ հարցում, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվում է ճանաչել Կիպրոսի հանրապետության գոյությունը:

Նշենք, որԹուրքիայի ԵՄ անդամակցությանը դեմ են հանդես գալիս Գերմանիան եւ Ֆրանսիան, իսկ ԱՄՆ-ը եւ Լեհաստանը ամեն կերպ աջակցում են այդ գործընթացին: