«Visa» և «Mastercard» վճարային համակարգերն առաջին անգամ միջազգային քարտային գործարքներ են իրականացրել Սիրիայում, ինչը երկրի՝ տասնամյակների պատժամիջոցներից ու մեկուսացումից հետո համաշխարհային ֆինանսական համակարգ վերադառնալու կարևոր քայլ է: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:

Գրեթե միաժամանակ երկու խոշորագույն վճարային համակարգերը երկրում փորձնական գործարքներ են իրականացրել այն բանից ընդամենը երկու օր անց, երբ ԱՄՆ-ն Սիրիան հանեց ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակից:

Կատարական «QNB Group»-ը հայտնել է «Mastercard»-ի հետ համատեղ Սիրիայում աշխարհում առաջին լիարժեք միջազգային քարտային գործարքի իրականացման մասին: Զուգահեռաբար «Visa»-ն հայտարարել է իր առաջին իրական ժամանակում փորձնական գործարքի մասին, որն իրականացվել է լիբանանյան «Fransabank»-ի հետ համատեղ:

«Visa»-ի փորձնական գործարքին մասնակցել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան: Նա բանկային քարտով վճարում է կատարել Դամասկոսի պատմական Հին քաղաքի ռեստորաններից մեկում: Նրա կողքին է եղել նաև Սիրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մուհամմադ Սաֆվատ Ռասլանը:

Առաջին գործարքները տեղի են ունեցել ԱՄՆ-ի կողմից Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից պաշտոնապես հանելուց երկու օր անց: Այդ կարգավիճակը պահպանվում է 1979 թվականից և լուրջ իրավական ու համապատասխանության ռիսկեր է ստեղծում միջազգային բանկերի և ներդրողների համար:

Անցյալ տարվա դեկտեմբերին Վաշինգտոնը չեղարկել էրՍիրիայի դեմ համապարփակ պատժամիջոցները՝ պահպանելով մարդու իրավունքները խախտողների, նարկոտրաֆիկի մասնակիցների, ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» հետ կապված խմբավորումների, ինչպես նաև իրանամետ կազմավորումների նկատմամբ նախկին նախագահ Բաշար Ասադի և նրա շրջապատի հայեցողական սահմանափակումները:

Սիրիայի իշխանությունները հույս ունեն, որ վերջին նշանակալի ֆինանսական սահմանափակումների հեռացումը թույլ կտա երկրին վերականգնել կապերը համաշխարհային տնտեսության հետ, ներգրավել օտարերկրյա ներդրումներ և արագացնել վերականգնումը բազմամյա հակամարտությունից հետո:

«Visa»-ն հայտարարել է օտարերկրյա այցելուներին Սիրիայում քարտերով վճարելու հնարավորություն ընձեռելու ծրագրերի մասին: «Mastercard»-ը «QNB»-ի միջոցով արդեն ստեղծել է ենթակառուցվածք, որը սիրիական հյուրանոցներին, ռեստորաններին և պետական հիմնարկներին թույլ է տալիս տերմինալների միջոցով ընդունել միջազգային վարկային քարտերը:

Առևտրի նոր կետերի միացումը տեղի է ունենալու փուլ առ փուլ և պահանջում է կարգավորող մարմինների անհրաժեշտ թույլտվությունները:

Գործարքն իրականացնելու համար «Visa»-ն որպես էքվայրեր-բանկ օգտագործել է լիբանանյան «Fransabank»-ը և սիրիական «Paymera» վճարային տեխնոլոգիական ընկերությունը, որը պատկանում է պետական ինքնիշխան հիմնադրամին: