ԱՄՆ-ն արդեն մշակել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր: Այն մասին, որ նախագիծը պատրաստ է իրագործման, Թել-Ավիվում հայտնել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան  Դան Շափիրոն: Ամերիկյան դեսպանի խոսքերը ձայնագրվել են իսրայելական «Մաքոր Րիշոն» թերթի թղթակցի կողմից, ով փակ հանդիպման մասնակիցների թվում է եղել:

Միեւնույն ժամանակ իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ դիվանագետի հայտարարությունը հակասում է ԱՄՆ-ի հրապարակային բոլոր վստահեցումներին, որ Իրանի միջուկային խնդիրն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ նոր պատժամիջոցների կիրառման միջոցով:

Շափիրոն նաեւ նշել է, որ ավելի նախընտրելի կլիներ դա  լուծել դիվանագիտական ճանապարհով` գործադրելով միջազգային ճնշում, առանց ռազմական ուժի: «Սակայն դա բնավ չի նշանակում, որ ռազմական տարբերակը բացառվում է», – ասել է դեսպանը:

Դիվանագետն ավելացրել է, որ ԱՄՆ-ում լիովին պատրաստ են Իրանի դեմ հնարավոր հարվածին: Դիվանագետը մերժել է այն տեսությունը, ըստ որի`  Վաշինգթոնը պատրաստ է համակերպվել այն մտքի հետ, որ Իրանը զարգացնում է իր միջուկային ծրագիրը:

«Շատ վտանգավոր է թույլ տալ Իրանի նման պետությանը, որն սպառնում է ոչնչացնել Իսրայելին, աջակցում է միջազգային ահաբեկչությանը, ունենալ միջուկային զենք», – հայտարարել է Դան Շափիրոն:

Ինչպես հիշեցնում է  «Կուրսորը», մոտ մեկ ամիս առաջ  «Մաքոր Րիշոնին» տված հարցազրույցում Դան Շափիրոն հայտարարել էր, որ «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, եւ այն միջոցները, որոնք մենք կիրառում ենք, ամբողջությամբ համակարգված են Իսրայելի հետ»: