ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ներքին գործերի նախարարին հանձնարարել է թարմացնել դաշնային քարտեզներն ու տվյալների բազաները՝ Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու նպատակով: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։

Այս քայլը դարձել է Վաշինգտոնի և Օտտավայի միջև խորացող առևտրային պատերազմի ու հարաբերությունների լարվածության հերթական դրսևորումը:

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող Օնտարիո լիճն ավանդաբար կրում է իր պատմական անունը: Ամերիկյան կողմի որոշումը չի տարածվում Կանադայի տարածքի վրա. փոփոխությունը վերաբերում է բացառապես ԱՄՆ դաշնային գերատեսչությունների կողմից նոր անվանման կիրառմանը:

Երկկողմ հարաբերություններում սրացումը կտրուկ խորացել է առևտրային վերջին բանակցությունների տապալումից հետո, երբ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հետագա պայմանների շուրջ, իսկ Վաշինգտոնն ու Օտտավան ձախողման պատասխանատվությունը բարդել են միմյանց վրա: Դրանից հետո Միացյալ Նահանգները 50-տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել մոտ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների նկատմամբ, ինչին ի պատասխան՝ Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից ամերիկյան արտադրանքի նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին:

Առևտրային այս հակամարտության սկիզբը դրվել է դեռևս 2025 թվականին՝ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց անմիջապես հետո: Վաշինգտոնն առաջինն է 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել կանադական ներմուծման զգալի մասի վրա, ինչին հետևել են արդեն նաև Օտտավայի պատասխան քայլերը: Հետագայում սակագնային սահմանափակումներն ավելի են ընդլայնվել՝ ընդգրկելով պողպատի, ալյումինի և ավտոմեքենաշինության ոլորտները:

Ստեղծված իրավիճակում Թրամփը դեռ երեքշաբթի օրը հայտարարել էր Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու մտադրության մասին՝ դա պատճառաբանելով համանուն կանադական նահանգի հետ առևտրային հարաբերությունների վատթարացմամբ: