«Մոսադ»-ի նախկին ղեկավար Դավիդ Բարնեան հայտարարել է, որ Իսրայելն ու նրա դաշնակիցները պետք է ուժեղացնեն Իրանի վրա գործադրվող տնտեսական, դիվանագիտական և ռազմական ճնշումը։ Այս քայլով նրանք փորձում են հասնել գործող ռեժիմի տապալմանը, հաղորդում է The Times of Israel-ը:
«Ըստ իս՝ մենք պարզապես այլ ընտրություն չունենք, քան այս ռեժիմի դեմ տնտեսական, դիվանագիտական ու օպերատիվ ճնշումն ավելացնելը, մինչև որ այն տապալվի. իսկ այն անկասկած տապալվելու է», — հայտարարել է Բարնեան՝ Երուսաղեմի քաղաքապետարանում ի պատիվ իրեն կազմակերպված միջոցառման ժամանակ:
Բարնեան «Մոսադ»-ը ղեկավարել է հինգ տարի և պաշտոնից հեռացել հունիսին: Նրան փոխարինել է Ռոման Գոֆմանը:
Իսրայելական հետախուզության նախկին ղեկավարի խոսքով՝ իրանցի ժողովուրդը «տենչում է» ներկայիս ռեժիմի անկումը, քանի որ միայն դրանից հետո, նրա համոզմամբ, կկարողանա «լույսի գոնե մի շող տեսնել»:
Բարնեան նաև նշել է, որ դա են ցանկանում ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավորած արևմտյան երկրները, որոնք, նրա պնդմամբ, «ավելի քան երբևէ վճռական են տրամադրված» այդ նպատակին հասնելու հարցում:
Նա ընդգծել է, որ վերջին տարվա ընթացքում Իրանի հետ բախումները ցույց են տվել, որ «իրանական խնդիրը միայն Իսրայելին չի վերաբերում, այլ բոլորին»:
«Աշխարհն սկսում է հասկանալ, որ եթե այս հարցը չլուծվի, այն հասնելու է յուրաքանչյուրին և ազդելու է բոլորի վրա՝ ամենուր. լինեն դա բալիստիկ հրթիռներ, ահաբեկչություն, թե զանգվածային ոչնչացման միջուկային զենքի մշակում», — հայտարարել է Բարնեան:





























