Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը NEWS.am-ին:

Տիկին Սահակյան, մեզ հետ զրույցում նշել էիք, որ Ձեր, Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և ՀՀ ԱԳՆ ու Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի  ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջիններս խոստացել էի մինչև այս ամսվա վերջ տրամադրել պատասխանատուն անձի կոնտակտային տվյալներ՝ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ մարդասիրական հարցերի շուրջ մշտական հաղորդակցության համար: Արդյո՞ք արդեն ունեք պատասխան:

Մի փոքր ճշգրտում անեմ՝ տիկին Զոնաբենդն էր առաջարկել մինչև ամսվա վերջ ժամկետը՝ հիմք ընդունելով հանդիպման  բոլոր մասնակիցների հավաստիացումները, որ գերիների հարցն իրենց համար առաջնահերթություն է: Կառավարության ներկայացուցիչները խոստացել էին տրամադրել  հստակեցնելուն պես: Մինչ այս պահը ոչ, դեռևս չենք ստացել, սակայն հույս ունենք, որ ընդառաջ կգնան տիկին Զոնաբենդի խնդրանքին, այս ընթացքում կհասցնեն հստակեցնել և տրամադրել պատասխանատու անձի կոնտակտային տվյալները:

Տիկին Սահակյան, նշել էիք նաև, որ առաջիկայում պատրաստվում եք ՄԻԵԴ բողոք ներկայացնել նաև Բաքվում պահվող մյուս տասնհինգ հայ գերիների գործով, քանի որ վերաքննիչ բողոքի քննությունն Ադրբեջանում արդեն ավարտվել է, և ռազմական դատարանի դատավճիռները թողնվել են անփոփոխ: Ի՞նչ նորություն ունեք այս մասով: Հաջողվե՞լ է ստանալ դատավճիռները:

Գործն ուղարկման  փուլում է, և առաջիկայում հայտարարություն կլինի այդ մասին: Ինչ վերաբերում է դատավճիռներին, նրանց դատավճիռները չի հաջողվել ստանալ: Սակայն, ինչպես հիշում եք, ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։