Այս քրեական վարույթը Ամենայն հայոց կաթողիկոսի բացառիկ տնօրինչական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը միջամտել չի կարող. այսինքն Ամենայն հայոց կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող բացառիկ որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, իր տնօրինության մեջ է և պետությունը փորձում է հիմա միջամտել այդ որոշման կայացմանը՝ քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Հայաստանի Հանրապետությունը չի հանդիպել նման դեպք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քննվի քրեական գործ, կապված իր բացառիկ իրավասության մեջ մտնող որոշման կայացման հետ։ Այս ամբողջ պրոցեսը լեգիտիմ պրոցես չէ, ավելին՝ միջազգային Եվրոպական դատարանի որոշումներ կան, որտեղ հստակ սահմանազատվում է, նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է այդ մասին խոսում, որ հստակ պետք է սահման գծվի պետության միջամտության եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին կյանքի միջև։ Իսկ այս դեպքում պետությունը ջնջում է այդ սահմանները»,–ասաց փաստաբանը։

Հիշեցմանը, որ նախորդ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հնարավո՞ր է, որ նոր դատավորը ևս ինքնաբացարկ հայտնի, Ֆանյանը պատասխանեց. «Չենք կարող ասել, գիտեք, որ սա զգայուն գործը, համենայնդեպս տպավորությունը վատը չէ դատավորից, չեմ կարող ասել՝ ինչպիսի որոշում կկայացնի այս գործով։

Նախորդ դատավորը հրաժարվեց Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ գործ քննել, ես կոնկրետ ողջունում եմ այդ քայլը։ Իհարկե, ավելի ողջունելի կլիներ, որ քններ և արդարացներ, կամ հենց ի սկզբանե քրեական հետապնդումը դադարեցներ արդարացման հիմքով, բայց սա էլ է լուծում»։

Նշենք, որ այս գործով դատավորը 29–ամյա Սերժ Ռուշանյանն է։