ԱՄՆ նախագահի անունը մտադիր են հանել Օտտավայի Թրամփ-ավենյուի անվանումից՝ Միացյալ Նահանգների և Կանադայի միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին։ ԱՄՆ նախագահի անունը փողոցի անվանումից հեռացնելու նախաձեռնությունը կգլխավորի Օտտավայի քաղաքային խորհրդի անդամ Ռայլի Բրոքինգթոնը։ Այս մասին հայտնել է CTV News հեռուստաալիքը։

«Ես ամաչում եմ, որ քաղաքի թաղամասերից մեկում կա փողոց, որը կոչվում է Թրամփ-ավենյու։ Եվ ես ամաչում եմ, որ մեր երկրի մայրաքաղաքում այդ կերպ հարգանք են ցուցաբերում Դոնալդ Թրամփին», - հայտնել է Բրոքինգթոնը քաղաքային խորհրդի նիստում։ Քաղաքական գործիչը հավելել է, որ քաղաքային խորհրդի նոր կազմի աշխատանքի մեկնարկից հետո ինքն անձամբ կգլխավորի փողոցի վերանվանման գործընթացը՝ Թրամփ-ավենյուի բնակիչների հետ համատեղ։ Հեռուստաալիքի նշմամբ՝ քաղաքի կանոնակարգի համաձայն, անվանումը փոխելու համար պահանջվում է բնակիչների առնվազն 50 տոկոսի համաձայնությունը և ևս մեկ լրացուցիչ ձայն։

Օտտավայի քաղաքապետ Մարկ Սաթքլիֆի խոսքով՝ փողոցի վերանվանումը կապված է «մեծ թվով դժվարությունների» հետ, քանի որ բնակիչները ստիպված կլինեն փոխել բոլոր փաստաթղթերը, որոնցում նշված է բնակության հասցեն։ Քաղաքապետը նշել է, որ չի ցանկանում, որպեսզի «Օտտավայում որևէ բան կոչվի Դոնալդ Թրամփի պատվին», սակայն վերջնական որոշումը Թրամփ-ավենյուում բնակվող քաղաքացիներինն է։ Ընդհանուր առմամբ այդ փողոցում գտնվում է 62 տուն։

Օգոստոսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Օնտարիո լիճը կարող է վերանվանվել Ամերիկա լիճ։ Բացի այդ, օգոստոսի 22-ից ուժի մեջ են մտել կանադական որոշ ապրանքների կատեգորիաների նկատմամբ ամերիկյան 50 տոկոսանոց ներմուծման մաքսատուրքերը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել է, որ որոշում է ընդունել կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները։ Նա նշել է, որ Օտտավան կսահմանի պատասխան մաքսատուրքեր։ Նախատեսվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ին։ Միևնույն ժամանակ, Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի միջև սկսվել է «առևտրային պատերազմ»։ Նրա կարծիքով՝ այն նախաձեռնել է Վաշինգտոնը։