Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ նրանց՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։




























