Երբ Ջորջա Մելոնին 2022 թվականին գլխավորեց Իտալիայի կառավարությունը, քաղաքական ընդդիմադիրներից շատերը նրան առավելագույնը կես տարվա քաղաքական կյանք էին տալիս։ Անվերջանալի ճգնաժամերի մեջ գտնվող Իտալիան թվում էր անկառավարելի։ Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց․ սեպտեմբերի 4-ին Մելոնին պատմական ռեկորդ է սահմանելու․ նրա կառավարությունը ղեկավարում է արդեն 1413 օր, ինչն ավելի երկար է, քան 1946 թվականին հանրապետության հիմնադրումից ի վեր գործած ցանկացած այլ կաբինետի աշխատանք։
Իտալական քաղաքականության մասնագետները թերևս կառարկեն՝ հիշեցնելով, որ իշխանության ղեկին իսկական «երկարակյացը» Սիլվիո Բեռլուսկոնին էր։ Եթե գումարենք նրա պաշտոնավարման բոլոր շրջանները, նա Հռոմի «Պալացցո Կիջի» պալատում անցկացրել է ավելի քան ինն տարի, հայտնում է Bild-ը։ Մելոնին այդ ցուցանիշից դեռ հեռու է։ Այդուհանդերձ, Բերլուսկոնիի կառավարություններից և ոչ մեկը առանձին վերցրած չի դիմացել այնքան, որքան Մելոնիի ներկայիս թիմը։
«Եվրոպայի ամենավտանգավոր կին» համարվող քաղաքական աութսայդերից մինչև ԵՄ առանցքային ղեկավարներից մեկը դառնալու նրա ուղին շատերին է անակնկալի բերել (նաև Բրյուսելում)։ Մեկուսացման ու քաոսի փոխարեն Մելոնին կայունություն բերեց։ Նրա պաշտոնավարման ընթացքում Ֆրանսիայում փոխվել է հինգ վարչապետ, Մեծ Բրիտանիայում՝ չորս, իսկ Գերմանիայում՝ երկու կանցլեր։ Այս ամենի ֆոնին Իտալիան այժմ անհամեմատ ավելի կայուն է թվում։
Այսպիսով, Մելոնին արդեն իսկ հասել է իր կառավարման ամենակարևոր նպատակին՝ պարզապես դիմանալ ու պահպանել իշխանությունը։





























