Հայկական ԱԷԿ-ը «տեղափոխվել է» Իրանի տարածք: Դա երեւակայություն չէ, այլ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հերթական սուտը, այս անգամ արդեն ազգային «ATV - international» արբանյակային հեռուստաալիքով, որն անմիջականորեն ենթարկվում է նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմին:
Մայիսի 15-ի լուրերի թողարկման ժամանակ հեռուստաալիքի եթերում անընդհատ կրկնվող Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների սյուժեում ցուցադրվել են Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի համացանցից ներբեռնված կադրեր: Ինչպես էներգաբլոկների արտաքին տեսքը, այնպես էլ Հայաստանի ԱԷԿ-ի ներքին կադրերն ուղեկցվել են Իրանում միջուկային ծրագրի զարգացման տեքստով:
Սակայն դա քիչ էր, եւ մեր գործընկերներն արդեն հաջորդ օրն անձամբ են որոշել ընդունել իրենց ոչ պրոֆեսիոնալ լինելը. մայիսի 16-ի «ATV - international»-ի լուրերի թողարկման ժամանակ մի քանի անգամ ցուցադրել են տվյալ նյութն արդեն իսկապես Հայկական ԱԷԿ-ի մասին, բնականաբար, միանգամայն նույն կադրերով:




























