Դատավորները հասկանում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ գործն ակնհայտ խնդրահարույց է։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատավոր Սերժ Ռուշանյանն այսօր որոշել է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկել Երևանի քրեական դատարան, որպեսզի որոշվի Արմավիրում դրա քննության նպատակահարմարությունը։
Նա արձանագրել է, որ մեղադրանքի կողմը փորձել է դռնփակ նիստ անցկացնել և ԶԼՄ-ներին տեղյակ չպահել գործի մանրամասներից․ «Նրանք չեն ցանկանում, որ գործի խնդիրները ջրի երես դուրս գան»։ Զոհրաբյանի խոսքով՝ պաշտպանական կողմը համաձայն չէ դատավորի որոշման հետ, քանի որ Կաթողիկոսի նստավայրը Էջմիածնում է, և գործը պետք է քննվի հենց այստեղ։
«Դատավորները հասկանում են գործի խնդրահարույց լինելը․ մի կողմում խիղճն ու ճշմարտությունն են, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը», — պարզաբանել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ գործը Երևանի դատարան փոխանցելը հղի է ընդդատության հետ կապված խնդիրներով, ինչպես եղել է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեպքում։ Փաստաբանի կարծիքով՝ դատավորները կարող էին ուղղակի արդար դատական որոշում կայացնել։ Պաշտպանության հաջորդ քայլը լինելու է գործը կարճելու միջնորդություն ներկայացնելը։
Ավելի վաղ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։











