Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի հետ առևտուր է անում Քոչարյանին, Ծառուկյանին, Կարապետյանին կալանավորելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների այս քայլն ուղղված է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Երբ սկսում ես բոլորին անդադար ստել, հայտնվում ես ծուղակում ու փորձում ես փրկօղակներ գտնել․ օրինակ՝ Հայաստանում երեք գործչի ձերբակալության տեսքով, որպեսզի այդ հարցը «վաճառես» Ռուսաստանի վրա»,- նշել է Ղևոնդյանը։

Քաղաքագետի խոսքով՝ խնդիրներն արդյունավետ լուծվում են փակ դռների հետևում, քանի որ քաղաքականությունը լռություն է սիրում, մինչդեռ գործող իշխանությունները չեն հրաժարվել ՀԿ-ների աշխատաոճից։

Նա նշել է, որ Ռուսաստանը բավականին համբերատար է Հայաստանի հանդեպ և կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել՝ զգուշացնելով, որ դեպի Եվրամիություն շրջադարձի գինը կարող է աղետալի լինել երկրի համար։

«Մենք ապրում ենք արտաքին կառավարման պայմաններում, որն իրականացվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից՝ տարբեր դրսևորումներով»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը սովորաբար ներդրումներ է կատարում այս կամ այն երկրում, իսկ հետո՝ զորք է ուղարկում՝ դրանք պաշտպանելու համար։ «Ո՞վ կարող է խանգարել դրան Հայաստանում․ 102-րդ ռազմաբազան»,– եզրափակել է Ղևոնդյանը։