Ճապոնիայում մոտ 1800 կամավոր հավաքվել էր, որպեսզի ձեռքով իր տեղը վերադարձնի Աոմորի պրեֆեկտուրայում գտնվող Հիրոսակի ամրոցի 360 տոննա կշռող աշտարակը, հայտնում է Fox News-ը։
Կառույցը հարկ է եղել տեղափոխել, որպեսզի մասնագետները կարողանան վերանորոգել երկրաշարժից վնասված պատը։

Ակցիայի մասնակիցները քաշում էին աշտարակին ամրացված հսկայական պարանները և աստիճանաբար այն տեղաշարժում մի քանի մետրով։ Աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի վերջ․ ընդհանուր առմամբ մոտ 4100 մարդ պետք է օգնի աշտարակը տեղափոխել ավելի քան հինգ մետր։
Դրա համար օգտագործվում է ճապոնական ավանդական հիկիա տեխնիկան՝ շենքերը ամբողջությամբ հատուկ գլանների կամ ուղղորդիչների վրա տեղափոխելու հնագույն եղանակը։ Այս մեթոդը թույլ է տալիս պահպանել պատմական կառույցները, որոնք հակառակ դեպքում պետք է ապամոնտաժվեին կամ դրանց տեղափոխման ժամանակ վնասվելու վտանգի կբախվեին։

Ներկայիս աշխատանքների ընթացքում մասնագետները վերականգնել են ամրոցի վնասված պատը և տեղը վերադարձրել այն կազմող բոլոր 2185 քարերը։ Վերանորոգման ավարտից հետո աշտարակը պետք է կրկին դրվի իր սկզբնական տեղում։
Մասնակցելու ցանկություն հայտնածների թիվը զգալիորեն ավելի մեծ է եղել, քան պահանջվում էր։ Հասանելի 1800 տեղի համար ստացվել է մոտ 8000 հայտ։ Կամավորների թվում եղել են ոչ միայն Հիրոսակիի և Ճապոնիայի այլ շրջանների բնակիչներ, այլև մարդիկ Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավարևելյան Ասիայի երկրներից։

Հիրոսակի ամրոցի ներկայիս եռահարկ աշտարակը կառուցվել է 1811 թվականին։ Սկզբնապես ամրոցն ունեցել է հնգահարկ աշտարակ, սակայն 1627 թվականին այն այրվել է կայծակի հարվածից հետո։




























