Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է թանգարաններից մեկի տնօրենը, ով փորձել է ապօրինի կերպով ներկրել 17-րդ դարի «Հին Կտակարանի Սուրբ Երրորդություն» սրբապատկերը, որ 18 տարի առաջ գողացվել էր Վոլոգդայի մարզից: Սրբապատկերը սեւ շուկայում գնահատվում է մեկ միլիոն դոլար:

62-ամյա ռուսաստանցին գնել էր միջազգային հետախուզման մեջ գտնվող սրբապատկերը Դյուսելդորֆում Գերմանիայի մի քաղաքացուց եւ ժամանել էր Մոսկվա: Սրբապատկերն առգրավվել է եւ նշանակվել արվեստագիտական փորձաքննություն:

Նախկինում տնօրենը քրեական պատասխանատվության ենթարկվել է մաքսանենգության համար: Dni.ru-ի փոխանցմամբ, նա Ռուսական սրբապատկերի թանգարանի տնօրեն Նիկոլայ Զադորոժնին է, ով պնդում է, թե գնել է սրբապատկերը Ռուսաստան վերադարձնելու համար:

Նա ասել է, թե սրբապատկերը հայտնվել է գերմանական Lindau աճուրդի տան կատալոգում, իսկ գումարը` 25 հազար եվրո, հավաքել են Վոլոգդայի մարզի հավատացյալները:

Տնօրենի համար միջնորդել է Ռուսաստանի մշակույթի նախարարությունը` նշելով, որ նրա գործողությունները համաձայնեցված են եղել իրենց հետ: