Չկա Լեւոն Տեր-Պետրոսյան` չկա շարժում, եթե նա չլինի, շարժումը կփլուզվի: Այս մասին, այսօր` մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն` արձագանքելով Ռուբեն Թորոսյանի այն հայտարությանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին պետք է հեռացնել ՀԱԿ-ից:

Նա հավաստիացրեց, որ ՀԱԿ-ի ներսում խմորումներ չկան: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եւ ՀԱԿ-ի Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի քայլին, Եղիազարյանն ասաց, որ Աշոտ Զաքարյանն իր ընկերն է եւ շատ լավ է վերաբերվում նրան, իսկ մնացած առումներով կխոսի ուրբաթ օրը, երբ «Հանրապետությունը» ՀԱԿ-ը լքել-չլեքելու վերաբերյալ որոշում կայացնի:

ՍԴՀԿ անդամը համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական կուրսը շատ ճիշտ է եւ ինքը ՀԱԿ-ի ներսում շարունակելու է պայքարը: «ՀԱԿ-ի մնացած անդամների մասին ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Եղիազարյանը նկատեց, որ հեշտ չէ չորս տարի  մնալ ընդդիմություն: Հարցին, թե Արամ Սարգսյանին այլեւս ընդդիմություն չի՞ համարում, նա պատասխանեց, որ ինքը նման բան չի ասել եւ համոզված է, որ իր ընկերները կշարունակեն մնալ ընդդիմություն: