Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի ընտրությունների նախաշեմին երկրի քաղաքացիներին կոչ է արել «պայքարել հանուն ժողովրդավարության»՝ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱֆԴ) կուսակցության բարձր վարկանիշի ֆոնին , հաղորդում է dpa-ն։

«Կարծում եմ, որ այժմ մենք կրկին պետք է անենք մի բան, որը մեզ չի հարկադրվել անել արդեն բազմաթիվ տասնամյակներ շարունակ, իսկապես պետք է պայքարենք այս ժողովրդավարության համար, պաշտպանենք այն, լինենք մի փոքր ավելի համարձակ և բացահայտ ասենք, որ սա ապրելու հրաշալի ձև է»,- ասել է Մերկելը Բեռլինում կայացած միջոցառման ժամանակ։

Միաժամանակ նախկին կանցլերն ընդգծել է, որ գերմանացիների մեծամասնությունը չի քվեարկում ԱֆԴ-ի օգտին։ Ըստ նրա, կուսակցությունը հատկապես ուժեղ է նախկին ԳԴՀ-ի արևելյան երկրամասերում, սակայն վերջին տարիներին նկատելիորեն ամրապնդել է իր դիրքերը նաև երկրի արևմուտքում։

«Սա դարձել է համադաշնային երևույթ»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով ԱֆԴ-ի հաջողությունների մասին Բադեն-Վյուրթեմբերգի և Ռայնլանդ-Պֆալցի ընտրություններում։

Խոսելով Սաքսոնիա-Անհալթում սպասվող ընտրությունների մասին՝ Մերկելը նշել է, որ ԱֆԴ-ին մեծապես հաջողվել է «առավոտից մինչև գիշեր տոն տալ մեր բոլոր քննարկումներին»։ Նրա կարծիքով, դրա պատճառով ընտրողներին ավելի դժվար է դառնում հասկանալ, թե ինչ են ուզում մյուս քաղաքական կուսակցությունները։

Սաքսոնիա-Անհալթի լանդթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 6-ին։ Ըստ հարցումների, ԱֆԴ-ն վստահորեն առաջատար է նախընտրական պայքարում։