Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ էներգետիկ համաձայնագիրը նախատեսված է 25 տարվա համար և նախատեսում է երկրում նավթի արդյունահանման ավելացում մինչև օրական ավելի քան 1,5 մլն բարել, հայտնում է Reuters-ը։
Ըստ նրա, պայմանագիրը միաժամանակ Վենեսուելայի համար պահպանում է բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքն ու ինքնիշխանությունը։
«Այս երկկողմ նախագիծը նախատեսված է 25 տարվա համար և ներառում է 17 ռազմավարական նավթային հանքավայրերի մշակում՝ օրական ավելի քան 1,5 մլն բարել նպատակային արդյունահանման մակարդակով»,- ասել է Ռոդրիգեսը VTV պետական հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ օրական 1,5 մլն բարելը համաձայնագրի միայն սկզբնական նպատակն է։ Ավելի լայնածավալ ծրագիրը ենթադրում է նաև ութ նոր նավթային բլոկների յուրացում և երկրի էներգետիկ հատվածի ընդլայնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ մասնակի վերահսկողությունը ամերիկյան ընկերություններին փոխանցելու ծրագրերի մասին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն մասնավոր բիզնեսի հետ գործընկերության շրջանակում հնարավորություն է ստացել վերահսկել վենեսուելական նավթի ավելի քան 65 մլրդ բարել ապացուցված պաշարների մեծ մասը։
Վենեսուելան ունի աշխարհում ամենամեծ ապացուցված նավթային պաշարները, սակայն այժմ արդյունահանում է օրական մոտ 1,25 մլն բարել։ Արտադրության ծավալը զգալիորեն կրճատվել է ոլորտի երկարամյա թերֆինանսավորման, անարդյունավետ կառավարման և պատժամիջոցների պատճառով։
Ռոդրիգեսի գնահատմամբ, նոր համաձայնագիրը կարող է Վենեսուելայի պետությանը բերել մոտ 209 մլրդ դոլարի եկամուտ՝ մեկ բարելի համար նավթի միջին 65 դոլար գնից ելնելով։ Ընդ որում, համաձայնագրի շրջանակում արդյունահանված և վաճառված յուրաքանչյուր բարելից մոտ 19 դոլարն անմիջապես մուտք կգործի երկրի բյուջե։
«Վենեսուելան պահպանում է իր բնական ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ռոդրիգեսը։ Ըստ նրա, համաձայնագիրը թույլ կտա ներգրավել ամերիկյան կապիտալ, տեխնոլոգիաներ և փորձ՝ պատժամիջոցներից լրջորեն տուժած նավթային ոլորտը վերականգնելու համար։
Վենեսուելայի իշխանությունները մտադիր են արդեն հաջորդ շաբաթ ստորագրել համաձայնագրեր, որոնք մի շարք ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան, նոր իրավունքներ կտան նավթի հետախուզման և արդյունահանման համար։
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով, այն ընկերությունների թվում, որոնք կարող են կնքել համապատասխան պայմանավորվածություններ, գտնվում է ամերիկյան Chevron-ը։




























