Գիտնականներին հաջողվել է վերականգնել Անգլիայի նորմանդական նվաճման ժամանակաշրջանում ապրած մարդու արտաքին տեսքը և պարզել նոր մանրամասներ նրա ծագման ու ավելի քան հազար տարի առաջ ունեցած կյանքի մասին։ Հետազոտողները նրան անվանել են «Նվաճման ժամանակների մարդ» (Conquest Man), հայտնում է PA Media-ն։

Տղամարդու աճյունը ուսումնասիրել են English Heritage-ի, Historic England-ի և մի շարք գիտական հաստատությունների մասնագետները՝ կիրառելով օստեոլոգիական վերլուծություն, հին ԴՆԹ-ի անալիզ և իզոտոպային հետազոտություններ։ Ստացված տվյալների հիման վրա մասնագետները նաև ստեղծել են նրա դեմքի թվային վերակառուցումը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդը զգալի չափով նախնիներ է ունեցել մայրցամաքային Եվրոպայից։ Նա եղել է ամուր, մկանուտ կազմվածքով, նրա հասակը գերազանցել է 152 սմ-ը, իսկ մահվան պահին նրա տարիքը կազմել է մոտավորապես 50–60 տարի։ Ոսկորների վրա հայտնաբերվել են բազմաթիվ կոտրվածքների հետքեր, որոնք հասցրել էին լավանալ։

«Նվաճման ժամանակների մարդը» հուղարկավորվել է իր ժամանակի համար անսովոր պատիվներով՝ Լինքոլնշիր կոմսության Բարտոն-ափոն-Համբեր քաղաքի Սուրբ Պետրոսի եկեղեցում։ Այդ ժամանակ տաճարը պատկանում էր Վիլհելմ Նվաճողի ասպետներից մեկին։ Տղամարդուն դրել են կաղնե դագաղի մեջ, որը պատրաստվել էր մոտավորապես 1079 թվականին կտրված ծառից։

Նրա ձեռքերը խաչված էին կրծքին, գլուխը դրված էր խոտից պատրաստված բարձի վրա և երկու կողմից ամրացված էր տեղական կավճի կտորներով։ Մարմնի կողքին հնագետները հայտնաբերել են խնձորենու փայտից պատրաստված երեք գավազան — սկանդինավյան ավանդույթում այդ նյութը համարվում էր սրբազան։

Գիտնականներին չի հաջողվել պարզել՝ արդյոք տղամարդը անմիջականորեն մասնակցե՞լ է 1066 թվականի Հասթինգսի ճակատամարտին։ Սակայն նրա կյանքը համընկել է անգլիական պատմության ամենադրամատիկ շրջաններից մեկին․ նա ծնվել է վիկինգ արքա Կնուդ Մեծի կառավարման տարիներին, վերապրել է նորմանդական նվաճումը և մահացել արդեն նոր քաղաքական իրականության մեջ, որը ստեղծել էր Վիլհելմ Նվաճողը։

Հետազոտության ղեկավար, English Heritage-ի հավաքածուների գլխավոր կուրատոր Քևին Բութը նշել է, որ գիտնականները 20 տարի շարունակ փորձել են հասկանալ, թե ով էր այս մարդը և ինչ է նրան վիճակվել վերապրել։ Ըստ նրա, դեմքի վերակառուցումը հետազոտողներին հնարավորություն է տվել «գրեթե մոտենալ» նրան։

Մասնագետները կարծում են, որ «Նվաճման ժամանակների մարդու» պատմությունը ցույց է տալիս ոչ միայն XI դարի պատմական ցնցումների մասշտաբը, այլև առանձին մարդկանց՝ արմատական փոփոխություններին հարմարվելու կարողությունը։

Հետազոտության արդյունքները ներկայացվելու են Բայեի գոբելենի առաջիկա ցուցահանդեսի և Հասթինգսի ճակատամարտի վերակազմությանն ընդառաջ։ «Նվաճման մարդու» աճյունը հնարավոր կլինի տեսնել սեպտեմբերի 20-ին Բարտոն-ափոն-Համբերի Սուրբ Պետրոսի եկեղեցում։