Եգիպտոսում այսօր` մայիսի 17-ին, կկազմվի  աշխարհի ամենաերկար կենդանի շղթան:

«Մահմեդական եղբայրների»  եւ նախագահի թեկնածու Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները մտադիր են շղթան Կահիրեից ձգել մինչեւ Միջերկրականի  ափի Ալեքսանդիա քաղաք, Ալեքսանդիայից էլ` երկրի հարավում գտնվող Ասասունա: Ծրագրվում է, որ կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը 1,2 հազար կմ-ից ավելի կլինի: Կազմակերպիչների կարծիքով շղթան կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհում ամենաերկարը:

Ակցիան կսկսվի տեղական ժամանակով 16.00 -ին (18.00` երեւանյանով)  եւ կտեւի շուրջ 2 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կենդանի շղթա կձգվի ճանապարհների եւ բնակավայրերի ուղղությամբ, միջոցառումը կուղեկցվի Մուրսիի օգտին քարոզչությամբ:

Զուգահեռաբար իսլամականների թեկնածուի համախոհներն ակցիա են պատրաստում Նեղոսի` Եգիպտոսի ջրային զարկերակի վրա: 

«Մահմեդական եղբայրների» տասնյակ ակտիվիստներ նավակներով կուղեւորվեն Նեղոս  գետի հոսանքով դեպի վեր` կանգ առնելով խոշորագույն բնակավայրերում  ընտրողներին հանդիպելու համար: