Սաքսոնիա-Անհալտում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Հանս-Թոմաս Թիլշնայդերը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում այն բանում, որ իր ընտրական գրասենյակում դրված է ռուսաստանյան բանակի խորհրդանշաններով բաժակ, հայտնում է NTV-ն։

Ըստ նրա, դա նվեր է, որը բերվել է Ռուսաստան կատարած ուղևորությունից 2023 կամ 2024 թվականին։

Սև գույնի, կարմիր աստղով և «Ռուսաստանի բանակ» «կիրիլիցայով» գրությամբ բաժակը Թիլշնայդերի՝ Քվերֆուրտում գտնվող գրասենյակում հայտնաբերել է լրագրող Պաուլ Ռոնցհայմերը։ Հարցին, թե ինչու է պատգամավորին պետք այդպիսի բաժակ, Թիլշնայդերը պատասխանել է. «Ինձ ինչ-որ մեկը դա նվիրել է։ Ես հիմա չեմ ուզում այն դեն նետել»։

Երբ լրագրողը հիշեցրել է, որ խոսքը բանակի մասին է, որը ռազմական գործողություններ է վարում Ուկրաինայի դեմ և, ըստ նրա, Գերմանիայի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, Թիլշնայդերը հայտարարել է. «Ես դրա հետ որևէ առանձնահատուկ բան չեմ կապում։ Դա բաժակ է, որը ինձ նվիրել են, այն այստեղ դրված է։ Սա մեր պատերազմը չէ»։

Ռուսաստանյան բանակի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին պատգամավորը պատասխանել է. «Հիմա բավական է արդեն այս հիմար բաժակի մասին, հա՞։ Կարելի է ասել՝ ոչ թշնամիներ, ոչ էլ բարեկամներ։ Պետությունները ընկերներ չունեն, պետությունները շահեր ունեն»։

Թիլշնայդերը նաև նշել է, որ բաժակի շուրջ արդեն բազմիցս վեճեր են ծագել, և այդ պատճառով չի հասկանում, թե ինչու են կրկին փորձում դրան սկանդալային բնույթ հաղորդել։