Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 17-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետեւողական զարգացմանը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հատկապես այս տարի, երբ լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, նախագահ Սերժ Սարգսյանի այցը նոր լիցք կհաղորդի բարեկամ երկրների հարաբերություններին:




























