Գերմանիայի բնակիչների 22%-ը հայտարարել է, որ պատրաստ է լքել երկիրը, եթե «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱֆԴ) կուսակցությունը դաշնային մակարդակով գա իշխանության։ Այդ մասին վկայում են Insa ինստիտուտի ներկայացուցչական հարցման արդյունքները, որն անցկացվել է Bild am Sonntag-ի պատվերով։

Հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել հետևյալ պնդումը․ «Եթե ԱֆԴ-ն դաշնային մակարդակով գա իշխանության, ես կհեռանամ Գերմանիայից»։ Դրա հետ համաձայնել է հարցվածների 22%-ը, 60%-ը չի համաձայնել, ևս 18%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել։

Միևնույն ժամանակ հարցվածների 47%-ը կարծում է, որ ԱֆԴ-ի գլխավորած կառավարությունը վնաս կհասցնի Գերմանիային։ Հակառակ կարծիքին է 36%-ը, ևս 17%-ը չի կողմնորոշվել։

Հարցվածների 44%-ը կարծում է, որ ԱֆԴ-ին պետք է հնարավորություն տալ ապացուցելու, որ այն կարող է կառավարել երկիրը։ Այդ հնարավորությանը դեմ է արտահայտվել 42%-ը։

Հարցումն անցկացվել է օգոստոսի 28-ին և 29-ին՝ 1001 մարդու շրջանում։ Առավելագույն սխալանքի սահմանը կազմում է 3,1 տոկոսային կետ։

Insa-ի ընթացիկ վարկանիշում ԱֆԴ-ն պահպանում է առաջին տեղը՝ 29% աջակցությամբ։ ՔԴՄ/ՔՍՄ-ը հավաքում են 20%, «Կանաչները»՝ 13%, ՍԴԿ-ն՝ 12%, «Ձախերը»՝ 10%։ Ազատ ժողովրդավարական կուսակցությունը և «Սառա Վագենկնեխտի միությունը» ստանում են յուրաքանչյուրը 4%։