ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի հետ վերջերս կնքված գործարքի շրջանակում ստացվելիք նավթը կուղղի երկրի Ռազմավարական նավթային պաշարի համալրմանը։

«Մոտ ժամանակում համալրման գործընթացը կսկսվի», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում՝ Վենեսուելայի նավթը անվանելով «Վենեսուելայի նվերը ամերիկացի ժողովրդին»։

Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե Վենեսուելայի հետ համաձայնագիրը որքան արագ թույլ կտա սկսել նավթի մատակարարումները և արդյոք այն մոտ ապագայում որևէ ազդեցություն կունենա ԱՄՆ-ում վառելիքի գների վրա, գրում է Reuters-ը։

Ուրբաթ օրը Թրամփի հայտարարած գործարքը նախատեսում է վերականգնել Վենեսուելայի անկում ապրած նավթարդյունաբերությունը, սակայն արդյունահանման էական աճի համար կպահանջվեն զգալի ներդրումներ և ենթակառուցվածքների վերականգնում։

Օգոստոսի 21-ի դրությամբ ԱՄՆ-ի Ռազմավարական նավթային պաշարի ծավալը կազմել է մոտ 290 մլն բարել, ինչը գրեթե նվազագույն մակարդակն է վերջին 44 տարվա ընթացքում։ Վերջին տարիներին պաշարը զգալիորեն կրճատվել է ինչպես Ջո Բայդենի, այնպես էլ Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք՝ համաշխարհային մատակարարումների խափանումների ֆոնին, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո և Իրանի հետ ռազմական գործողությունների պատճառով։