Լիտվայում և Չեխիայում գրեթե միաժամանակ տեղի են ունեցել նմանատիպ միջադեպեր պաշտպանական արդյունաբերության ընկերությունների գրասենյակների մոտ. շենքերի հարևանությամբ հայտնվել են սգո պսակներ և ղեկավարների լուսանկարներ՝ սև ժապավեններով, հայտնում է Delfi-ն։

Լիտվայի իշխանությունները կասկածում են, որ տեղի ունեցածը կարող է կապված լինել ռուսաստանայան հատուկ ծառայությունների սադրիչ գործունեության հետ։

Վիլնյուսում մի քանի սգո պսակներ հայտնվել են անօդաչու համակարգեր արտադրող RSI Europe ընկերության շենքի մոտ։ Կողքին տեղադրել էին ընկերության ղեկավար Տոմաշ Միլաշաուսկասի լուսանկարը՝ սև սգո ժապավենով։ Ինքը՝ Միլաշաուսկասը, ողջ և առողջ է և տեղի ունեցածը անվանել է ահաբեկման փորձ։

«Մենք չենք վախենում։ Սա սովորական ահաբեկում է, սադրանք, ռուսների աշխատանքի սովորական մեթոդներ։ Մեր արձագանքը լիովին բնական է՝ մենք շարունակում ենք աշխատել, չենք արձագանքում և չենք շեղվում, որովհետև նրանց նպատակը մեր ուշադրությունը շեղելն է և այն ուղղել այնտեղ, ուր պետք չէ», — ասել է նա LNK Žinios-ի հետ զրույցում։

Ըստ Միլաշաուսկասի, ընկերությունն առաջին անգամ է բախվում նման սադրանքի։ Միևնույն ժամանակ, RSI Europe-ը նախկինում արդեն ենթարկվել էր իր գործունեությանը միջամտելու փորձերի, այդ թվում՝ կիբերհարձակումների։

Լիտվայի ոստիկանությունն օպերատիվ արձագանքել է միջադեպին և ձերբակալել մեկ կասկածյալի։ Սկսվել է նախադատական քննություն։ LNK-ի աղբյուրների տվյալներով, ձերբակալվածը Ուկրաինայի քաղաքացի է։ Ենթադրվում է, որ պսակները հասցնելու համար նրան կարող էր վարձել Բելառուսի քաղաքացին։

Լիտվայի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը հայտարարել է, որ պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների ուժեղացված մոնիթորինգը թույլ է տվել արագ արձագանքել տեղի ունեցածին։

«Կարծում եմ՝ հենց այս մոնիթորինգը և մեր քննարկումներից հետո ձեռնարկված միջոցները թույլ տվեցին ձերբակալել տեղի ունեցածին առնչվող մարդկանց։ Սա լավ արդյունք է և նման համագործակցության հետևանք», — ասել է նա։

Գրեթե նույն ժամանակ նմանատիպ դեպք է տեղի ունեցել Չեխիայում։ Սգո պսակներ են հայտնվել CSG պաշտպանական ընկերության գրասենյակի մոտ, իսկ կողքին տեղադրվել էր նրա ղեկավարներից մեկի՝ Դավիդ Չուրայի լուսանկարը։

RSI Europe-ը Ուկրաինային մատակարարում է FPV դրոններ և հեռահար պայթեցման համակարգեր, մինչդեռ CSG-ն արտադրում է զինամթերք և ռազմական տեխնիկա։ Իրավապահ մարմինները պարզում են՝ արդյոք երկու միջադեպերը կապված են միմյանց հետ։

Լիտվայի Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասը զգուշացրել է, որ նման սադրանքները կարող են ավելի հաճախակի դառնալ։

«Կարծում եմ, որ նման դեպքերը կարող են հաճախանալ, և դրանք արդեն հաճախացել են։ Սա, հավանաբար, միայն սկիզբն է։ Նախազգուշացումները բավական լուրջ են, ուստի մեզ անհրաժեշտ է պահպանել առանձնահատուկ զգոնություն, թեև մեր ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանությունն այժմ ուժեղացված է», — հայտարարել է նա։

Պսակներով լուսանկարներն ու տեսանյութերը տեղի ունեցածից կարճ ժամանակ անց սկսել են տարածվել սոցիալական ցանցերում և Telegram-ալիքներում։ Լիտվացի ներկայացուցիչները կարծում են, որ այդ նյութերի տարածումը կարող է լինել տեղեկատվական գործողության մաս։ Ուղեկցող հրապարակումներում պնդվում է, թե ՆԱՏՕ-ն իբր պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ձեռքերով, իսկ Կիևին աջակցող եվրոպական ընկերությունները շահույթ են ստանում հակամարտությունից։