ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող Լարաք կղզու վրա իրանական երկու արձակման կայանքի՝ կանխելու համար ծովային ականների տեղադրումը աշխարհի առանցքային նավագնացության ուղիներից մեկում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Ըստ նրա, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները պատրաստվում էին նեղուցում արձակել ծովային ականներով հրթիռներ։ ԱՄՆ-ը հարվածել է կայանքներին և շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին՝ պատրաստ լինելով ապահովելու նավագնացության ազատությունը։

Հարվածը դարձել է հուլիսի վերջից ի վեր ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ առաջին հայտնի հարձակումը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել էր Հորմուզի նեղուցի շրջանում երկշաբաթյա ռազմական արշավը, ընդգծում է պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ ամերիկացի զինվորականներն ավարտել էին նեղուցի հիմնական նավագնացության ուղու ականազերծման գործողությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկացած նավ կամ նավակ, որը կփորձի տեղադրել նոր ականներ, «անմիջապես և համակարգված կոչնչացվի», և հայտարարել էր նեղուցի ականապատման նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության մասին։

Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքով։ Պարբերականի տվյալներով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։

ԻՀՊԿ-ն հաստատել է հարձակումը՝ հայտարարելով, որ հարվածի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի գործողությունները «պատասխան կստանան Իրանի որդիների կողմից» և «ագրեսորը կպատժվի»։